Անչափահաս երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու համար մեղադրվող կինը տեղափոխվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ. մանրամասներ
Անչափահաս երեխայի նկատմամբ ֆիզիկական, հոգեկան և սեռական բռնություն կիրառելու և այլ հանցավոր արարքների համար մեղադրվող կինը տեղափոխվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Օրենքով նախատեսված կարգով՝ կինը սկզբնական շրջանում մինչև 7 օր գտնվելու է կարանտինային պայմաններում, որտեղ վերջինս ծանոթանալու է քրեակատարողական հիմնարկի պահման պայմաններին, կարգ ու կանոններին, որից հետո՝ 7 օր անց, կտեղափոխվի մեկուսարան: Ա.Ա-ն կմնա մեկուսարանում մինչև դատավճռի կայացումը:
Ձեռք բերված փաստերի հիման վրա 2023թ. օգոստոսի 19-ին Ա.Ա-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ և 6-րդ կետերով, 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 239-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2- րդ կետերով: Առաջադրված մեղադրանքում կինն իրեն մեղավոր է ճանաչել:
«Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամսով կալանավորումն ընտրելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Հիշեցնենք, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկը նախատեսված է կին և անչափահաս դատապարտյալների և կալանավորված անձանց համար»,-ասվում է հաղորդագրությունում: