«Հայրս և Ուոլթ Դիսնեյը դագաղի մեջ շուռ կգային». «Սպիտակաձյունիկի» ստեղծողի որդին քննադատել է նոր ռիմեյքը
1937 թվականին նկարահանված «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմի ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դևիդ Դոդ Հենդի որդին՝ Դևիդ Հեյլ Հենդը, The Telegraph-ին տված հարցազրույցում ասել է, որ իր հայրը և Ուոլթ Դիսնեյը «դագաղի մեջ շուռ կգային», եթե լսեին նոր ֆիլմում տեղի ունեցած փոփոխությունների մասին։
Տղամարդու խոսքով՝ ստուդիան պարզապես ոչնչացնում է իր հոր ժառանգությունը՝ փոփոխություններ կատարելով դասական Սպիտակաձյունիկի սյուժեում՝ ժամանակակից օրակարգին համապատասխան: Եվ նման փոփոխությունները շատ կլինեն՝ օրինակ, թզուկների փոխարեն, Սպիտակաձյունիկը անտառում կհանդիպի այլ «կախարդական արարածների», և նա չի սպասի, մինչև գեղեցիկ արքայազնը փրկի և սիրի նրան։ «Սպիտակաձյունիկ» ֆիլմի ադապտացիայի գլխավոր դերասանուհի Ռեյչել Զեգլերը կիսվել է այս մանրամասներով՝ բնօրինակ մուլտֆիլմն անվանելով «չափազանց հնացած»:
Հանդ կրտսերն նշել է, որ կինոդասականներին հարմարեցնելու այս մոտեցումը համարում է «վիրավորական». «Դա բոլորովին այլ հասկացություն է, որի հետ ես կտրականապես համաձայն չեմ։ Եվ ես գիտեմ, որ հայրս և Ուոլթը նույնպես դեմ կլինեին դրան»: Նա ասել է, որ բնօրինակ մուլտֆիլմը ստեղծվել է «լավ ճաշակով», և որ իր համար «ամոթ» է Դիսնեյի համար «արմատական» փոփոխություններ կատարել նախկինում հաջողություն գրանցած մուլտֆիլմում. «Չկա հարգանք Դիսնեյի ժառանգության նկատմամբ»։
Հենդը խորհուրդ է տվել ստուդիային դադարեցնել «դասականները վերցնելը և դրանք վերաշարադրել այնպես, ինչպես ցանկանում են», փոխարենը կենտրոնանալ նոր կերպարներ և նոր պատմություններ ստեղծելու վրա:
«Ստեղծեք նոր հերոսներ, եթե իսկապես ցանկանում եք, բայց մի քանդեք կամ մի փորձեք ոչնչացնել այն, ինչ արդեն կա, որը դասական և գեղեցիկ գործ է», – Showbiz-ի փոխանցմամբ՝ ամփոփել է նա: