Փաշինյանը Սյունիքում սառն է եղել պատգամավորների հետ. նրանց ջանքերն իզուր են անցել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած օգոստոսի 17-ի այցը նոր ինտրիգ է դարձել ՔՊ-ականների համար: Պագամավորները շտապել են Սյունիք, որ այցը լավ կազմակերպեն, բայց ամեն ինչ արդեն կազմակերպված է եղել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ սյունեցի ՔՊ-ական պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Դավիթ Դանիելյանը եւ Կարեն Համբարձումյանը արդեն տեւական ժամանակ է՝ մրցավազքի մեջ են Սյունիքի մարզպետի պաշտոնի համար եւ երբեք պահը չեն կորցնում, որ Նիկոլ Փաշինյանի աչքին բարձրանան, նշանակվեն մարզպետի բաղձալի պաշտոնին: Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այս ընթացքում արել է անհնարինը եւ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանին Սյունիքում «սյունյաց ողջույններով»՝ հայհոյանքներով ընդունող ըմբոստ քաղաքապետերին դարձրել է «նիկոլական»:
Եւ տպավորություն էր, որ սյունեցիների դժգոհություններն արդեն անցյալում են, եւ թե՛ սյունեցիները, թե՛ համայնքապետերը հարմարվել են իրավիճակին, որ իրենց գյուղը այս իշխանությունների օրոք դարձել է առաջնագիծ, իսկ մի մասն էլ ուղղակի թշնամու տիրապետության տակ է:
Նույնիսկ այս պայմաններում մարդիկ, համաձայն եթերի, արդեն պատրաստ են «սյունյաց» ողջույնի փոխարեն գրկաբաց դիմավորել Փաշինյանին: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրներն են փոխանցում, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին հաջողվել է երկար ջանքերից հետո Սյունիքի երբեմնի ըմբոստ համայնքապետերին հավաքել մի տեղ, որպեսզի պատշաճ դիմավորեն Նիկոլ Փաշինյանին: Նիկոլ Փաշինյանի այցից ժամեր հետո անակնկալ այնտեղ են հայտնվել ՔՊ-ական սյունեցի պատգամավոները Արմեն Խաչատրյանը, Դավիթ Դանիելյանը եւ Կարեն Համբարձումյանը, ու փորձել են ցույց տալ, թե իրենց շնորհիվ է, որ Փաշինյանին ջերմ դիմավորում են Սյունիքում, բայց նրանց ջանքերը ի դերեւ են ելել: Նկատվել է, որ Փաշինյանը սառն է եղել պատգամավորների հետ:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: