Մաշկաբանը բնակարանում՝ առողջության համար վտանգավոր հատվածներ է անվանել
Յուրաքանչյուր բնակարան ունի «կեղտոտ տարածքներ», որոնք կարող են վտանգավոր բակտերիաների ու հիվանդությունների աղբյուր դառնալ, ասել է մաշկավեներոլոգ Սվետլանա Յակովլևան։ «Երեկոյան Մոսկվային» տված հարցազրույցում նա թվարկել է բնակարանի առողջությանը սպառնացող անկյունները:
Յակովլևան լոգարանն անվանել է ամենակեղտոտ սենյակներից մեկը և ասել, որ այնտեղ ոտաբոբիկ քայլել չի կարելի սնկերի պատճառով։
«Ավելի ճիշտ՝ սենյակի թաց, խոնավ ու չլուսավորված անկյուններն են վտանգավոր։ Սնկերի հետ շփումն առաջացնում է եղունգների հիվանդություն»,-բացատրել է նա:
Վտանգավոր է նաև զուգարանը։
«Պետք չէ նստել զուգարանակոնքին մարմնի մերկ մասերով, նույնիսկ եթե այն մանրակրկիտ լվացվել է ախտահանիչ միջոցներով։ Դրանք ունեն շատ ալերգեններ, որոնք կարող են առաջացնել գրգռվածություն»,- զգուշացրել է նա:
Նա նշել է, որ խոհանոցում ևս կարող են տեղակայվել սնկերը և այլ միկրոօրգանիզմներ։ Հատկապես վտանգավոր է սպունգը, եթե այն ամեն շաբաթ չեեք փոխում և չորացնում օգտագործելուց հետո։
«Այդպիսի սպունգով լվացվող սպասքի վրա մանրէներ են մնում։ Դրանք օրգանիզմ են մտնում սննդի միջոցով՝ առաջացնելով թունավորումներ կամ մարսողության խանգարումներ»,- Shantnews-ի փոխանցմամբ՝ ասել է նա: