Հունաստանը կմասնակցի ուկրաինացի օդաչուների՝ F-16 կործանիչներ կիրառելու վերապատրաստմանը. Զելենսկի
Հունաստանը կմասնակցի ուկրաինացի օդաչուների՝ F-16 կործանիչներ կիրառելու վերապատրաստմանը։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությանը։
«Այսօր մենք Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ քննարկել ենք մի քանի առաջնահերթ թեմաներ։ Իհարկե, ես տեղեկացրել եմ մարտի դաշտում տիրող իրավիճակի, ռուս ահաբեկիչների հարվածների և համաշխարհային անվտանգությունը և մեր պետության տարածքային ամբողջականությունը վերականգնելու մեր հնարավորությունների մասին»,- ասել է Զելենսկին։
Նա Հունաստանի վարչապետի հետ քննարկել է Ուկրաինայի պաշտպանության կարիքները և նշել կոնկրետ բաներ, որոնք կարող են արագացնել ռուսական ագրեսիայի ավարտը։ «Այսօր մենք կարևոր արդյունք ունենք ավիացիոն կոալիցիայի համար։ Հունաստանը կմասնակցի մեր F-16 օդաչուների վերապատրաստմանը։ Շնորհակալություն այս առաջարկի համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Defense Express-ը հայտնում է, որ Ուկրաինան Նիդեռլանդներից և Դանիայից կստանա F-16 կործանիչներ, որոնք արդիականացվել են 1990-ականների կեսերից մինչև 2000-ականների կեսերը։ Եվրոպական F-16 օպերատորների համար ինքնաթիռների արտադրությունը տեղայնացվել է դեռևս 20-րդ դարի 70-ականների վերջին Նիդեռլանդներում և Բելգիայում՝ Fokker և SABCA գործարաններում, որտեղ դրանք արտադրվում էին մինչև 90-ականների կեսերը: Նիդեռլանդների ռազմաօդային ուժերի համար առաջին F-16-ը կառուցվել է 1979 թվականին, իսկ վերջինը՝ 1992 թվականի փետրվարին։