Թրամփը չի մասնակցի ներկուսակցական բանավեճին՝ պատճառաբանելով հարցումների «լեգենդար» արդյունքները
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ չի մասնակցի Հանրապետական կուսակցության նախընտրական ներկուսակցական բանավեճին։ Հանրապետականների առաջին բանավեճը կկայանա օգոստոսի 23-ին, և թեկնածուները կփորձեն հասնել այն բանին, որպեսզի կուսակցության կողմից առաջադրվեն որպես նախագահի թեկնածու՝ 2024 թ․-ի ընտրություններին մասնակցելու համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ BBC-ն նշում է, որ բանավեճին չմասնակցելու իր որոշումը Թրամփը բացատրել է նրանով, որ CBS-ի նոր հարցումը ցույց է տվել, որ ինքը «լեգենդար» արդյունքներ ունի մյուս թեկնածուների համեմատությամբ։
«Հանրությունը գիտի՝ ով եմ ես և ինչ հաջող նախագահություն եմ ունեցել», - 77-ամյա Թրամփը գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։
Չնայած իր դեմ չորս քրեական մեղադրանքներին՝ Թրամփը գլխավորում է հանրապետականների կողմից առաջադրվող թեկնածուների ցուցակը։
Ըստ հարցման՝ Թրամփն առաջատար է 62 % ցուցանիշով։ Նրանից մեծ տարբերությամբ հետ է մնում երկրորդ հորիզոնականում հայտնված Ֆլորիդայի նահանգապետ Ռոն դե Սանտիսը, որը ստացել է հարցվածների 16 %-ի աջակցությունը: