Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման և ակտիվների ապասառեցման ժամկետների մասին
ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակման և Իրանի ֆինանսական ակտիվների ապասառեցման շուրջ համաձայնությունները կիրականացվեն երկու ամսվա ընթացքում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։
«Համաձայնագրերը կնքվել են այն հաշվարկով, որ դրանք իրականացվեն երկու ամսվա ընթացքում,- ասել է նա։ - Մենք լավատեսությամբ ենք նայում դրանց ժամանակին իրականացման հեռանկարներին, քանի որ մեզ մոտ առկա տեղեկատվության համաձայն` այդ ուղղությամբ աշխատանքը լավ է ընթանում»:
Քանաանին նաև նշել է, որ բացի Կորեայի Հանրապետությունում սառեցված ակտիվներից, Իրանը ֆինանսական պահուստներ ունի հարևան Իրաքում։
«Այդ ակտիվների փոխանցման գործընթացն սկսվել է, և դրանց մի մասն արդեն դուրս է բերվել Իրաքի սահմաններից»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Նա մանրամասնություններ չի հայտնել Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանտարկյալների փոխանակման առաջիկա գործընթացի մասին։
Ավելի վաղ Reuters գործակալությունը հայտնել էր, որ Իրանի պահուստներն արդեն դուրս են բերվել Շվեյցարիա և հինգ շաբաթվա ընթացքում հարավկորեական վոնից կփոխարկվեն եվրոյի՝ հետագայում Կատար ուղարկելու համար։
Օգոստոսի 10-ին The New York Times թերթը հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել բանտարկյալների փոխանակման շուրջ։ Նույն օրը Սպիտակ տունը հաստատել էր համաձայնության փաստը, սակայն հորդորել էր սպասել Իսլամական Հանրապետությունից համաքաղաքացիների վերադարձին, որպեսզի վերջնականապես հայտարարեն գործարքի ավարտի մասին։ Համաձայնագրի շրջանակներում Իրանը կստանա հասանելիություն այն 6 միլիարդ դոլարին, որը սառեցվել էր Հարավային Կորեայի բանկերի հաշիվներում՝ ԱՄՆ պատժամիջոցների գործողության պատճառով: