Ավստրալիան ԱՄՆ-ից կգնի 200 Tomahawk թեւավոր հրթիռ եւ ավելի քան 60 AARGM-ER հրթիռ
Ավստրալիայի կառավարությունն ավելի քան 1 մլրդ դոլար կատկացնի ԱՄՆ-ից ամերիկյան 200 Tomahawk թեւավոր հրթիռների եւ բարձր հեռահարության 60 կատարելագործված հակառադիոլոկացիոն կառավարվող AARGM-ER հրթիռների (F-35A Lightning II կործանիչների համար) ձեռքբերման համար։ Այս մասին տեղեկացրել է երկրի պաշտպանության նախարար Ռիչարդ Մարլզը։
Նրա խոսքով՝ ավելի քան 1,7 մլրդ ավստրալական դոլար (մոտ 1,1 մլրդ ամերիկյան դոլար) կտրամադրվի ԱՄՆ-ից «ամենահզոր եւ տեխնոլոգիապես առաջավոր համակարգերի գնմանը Ավստրալիայի ԶՈւ-ի համար»։ «200 Tomahawk թեւավոր հրթիռները՝ 1,3 մլրդ ավստրալական դոլար (833 մլն ամերիկյան դոլար) արժողությամբ, կտեղակայվեն Ավստրալիայի ՌԾՈւ Hobart ականակիրների վրա, մոտ 60 կատարելագործված հակառադիոլոկացիոն կառավարվող AARGM-ER հրթիռներ՝ 431 մլն ավստրալական դոլար արժողությամբ [276,3 մլն դոլար] կգնվեն Super Hornet եւ F-35A Lightning II կործանիչների համար»,- նշել է Մարլզը պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունում։
Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ Ավստրալիայի կառավարությունը հավանություն է տվել հակատանկային կառավարվող Spike հրթիռների գնմանը։ «Սպասվում է, որ ավելի քան 50 մլն ավստրալական դոլար (32 մլն դոլար) արժողությամբ Spike Long-Range 2 առաջին հրթիռը Ավստրալիայի սպառազինություններում կլինի արդեն հաջորդ տարեսկզբին»,- նշել է նա։
Նավատորմի արդիականացումը, որի մասին Կանբերան հայտարարել է 2021թ. սեպտեմբերին, նախատեսված է AUKUS եռակողմ ռազմական դաշինքի (Ավստրալիա, Մեծ Բրիտանիա եւ ԱՄՆ) համաձայնագրերով։ Ավստրալիայի նավատորմը պետք է ստամա նաեւ ութ ատոմային սուզանավ, որոնք կառուցվելու են նոր տեխնոլոգիաներով Ադելաիդայի նավաշինարանում, Virginia դասի եւս երեք սուզանավ, որոնք կգնվեն ԱՄՆ-ից։