«Հիլարի» արևադարձային փոթորիկը հեղեղումներ է առաջացրել Կալիֆորնիայում
Կալիֆորնիայի ափեր հասած «Հիլարի» արևադարձային փոթորիկը Լոս Անջելեսի արևելքում և արևմուտքում հեղեղումների պատճառ է դարձել։ Մինչ այդ փոթորիկն անցել էր Մեքսիկայով՝ այնտեղ 1 մարդու կյանք խլելով, հեղեղելով ճանապարհները և փողոցները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը Հարավային Կալիֆորնիայում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել։ Ըստ կանխատեսումների՝ լեռնային և անապատային հատվածներում սպասվում են 12-25 սմ տեղումներ՝ գրեթե այնքան, որքան անապատային շրջաններում լինում է 1 տարվա ընթացքում։
Սան Բեռնարդինոյի շրջանի մի քանի քաղաքներում մարդկանց տարհանման հրահանգ է տրվել։
Փոթորիկը ծառեր է տապալել, օդ է բարձրացրել քարեր։ Հետաձգվել են սպորտային տարբեր միջոցառումներ, հարյուրավոր թռիչքներ չեղարկվել են։ Կալիֆորնիայի երկու շրջաններում օգոստոսի 21-ին չեղարկվել են դասերը։
«Հիլարի» փոթորկին զուգահեռ՝ Լոս Անջելեսից հյուսիս 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ ԱՄՆ-ի ցունամիների նախազգուշացման կենտրոնում հայտնել են, որ երկրաշարժից հետո ցունամիի վտանգ չկա։ Երկրաշարժից ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։