Տրանսգենդեր տղամարդու սպանության կասկածանքով Բավրայի անցակետից ձերբակալվել է 26-ամյա երիտասարդ
Օգոստոսի 20-ին, ժամը 17.04-ին, 911 ծառայությունից ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Կողբացու փողոցի շենքերից մեկի մի բնակարանում հրդեհ է: Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից:
Նշված հասցե մեկնած ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները հրդեհաշիջման աշխատանքներ կատարելուց հետո հայտնաբերել են դիակ:
Նշված հասցե օպերատիվ-քննչական խումբ է մեկնել:
Դիակի վրա կտրած-ծակած վնասվածքներ են հայտնաբերվել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է դիակի ինքնությունը՝ Արմավիրի մարզի 28-ամյա բնակիչ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Երեւան քաղաքի վարչության եւ Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները եւ համագործակցելով Վաղարշապատի եւ Աշոցքի բաժինների ծառայողների հետ, պարզել են հանցագործության մեջ կասկածվողի ինքնությունը:
Ըստ նախնական տվյալների՝ 26-ամյա եիտասարդը սուր ծակող-կտրող գործիքով բազմաթիվ հարվածներ է հասցրել 28-ամյա քաղաքացուն՝ պատճառելով մահ, այնուհետեւ հետքերը թաքցնելու նպատակով հրդեհել է բնակարանը:
Օգոստոսի 21-ին, ժամը 02.40-ին, կասկածյալը Բավրայի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել եւ տեղափոխվել է ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: