Ինչպե՞ս ախտորոշել Ալցհեյմերի հիվանդությունը MRI-ով
Անցած շաբաթվա ամենահետաքրքիր գիտական նորությունների շարքում Ալցհեյմերի հիվանդության ախտորոշման հնարավորությունն է MRI-ի միջոցով։
Ալցհեյմերի հիվանդությունը տկարամտության ամենատարածված տեսակներից է, քրոնիկ և սովորաբար առաջադեմ համախտանիշ, որի ժամանակ նկատվում է հիշողության, խոսքի, ինքնուրույն հասկանալու և մտածելու, ինչպես նաև տարածության մեջ կողմնորոշվելու ունակության վատթարացում:
Ալցհեյմերի հիվանդության ախտորոշումը կարող է շատ դժվար լինել, հատկապես վաղ փուլերում, երբ հիվանդի մոտ դեռ չեն հայտնաբերվել առաջնային ախտանշանները: Համենայն դեպս, այդպես էր համարվում մինչև վերջերս։
Սակայն, ինչպես ցույց է տվել բրիտանացի գիտնականների կողմից անցկացված փորձը, այս հիվանդությունը կարելի է բավականին ճշգրիտ ախտորոշել՝ ըստ մեկ հետազոտության՝ ուղեղի MRI-ի արդյունքների։
Ճիշտ է, կա մի շատ կարևոր պայման՝ ոչ թե նյարդաբանը պետք է ուսումնասիրի ստացված պատկերները, այլ արհեստական ինտելեկտը։
Արհեստական բանականության ծրագրերը վաղուց «սովորել են» ախտորոշել բազմաթիվ հիվանդություններ, որոշները նույնիսկ ավելի լավ, քան բժիշկները: Հիմնական պատճառն այն է, որ ոչ մի բժիշկ ի վիճակի չէ հիշել հարյուրավոր կամ նույնիսկ հազարավոր ռենտգենյան ճառագայթները․ եթե նույնիսկ հնարավոր լիներ դա, ցանկացած նյարդաբանի համար օրեր կամ նույնիսկ շաբաթներ կպահանջվեին՝ դրանցից յուրաքանչյուրը «բնօրինակի» հետ համեմատելու համար։
Համակարգչային ալգորիթմը կատարում է այդ խնդիրը մի քանի ժամում: Հարցն այն է, թե որքանո՞վ կարող է ճշգրիտ լինել արհեստական ինտելեկտի կողմից արված եզրակացությունը:
Այս հարցին փորձարարական պատասխան են առաջարկում Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականները։ Նրանք մոտ 800 հիվանդների ուղեղի ՄՌՏ սքանի հրահանգ են տվել խելացի մեքենային, այնուհետև խնդրել են վերլուծել բոլորովին այլ պատկերների հավաքածու:
Արհեստական ինտելեկտը ճշգրիտ բացահայտել է Ալցհեյմերի համախտանիշը՝ դեպքերի 98%-ում։ Ավելին, ալգորիթմը ճշգրիտ որոշել է, թե հիվանդներից 79%-ի մոտ որ փուլում է հիվանդությունը, նույնիսկ եթե դա ամենավաղ փուլն է եղել։
«Այսօր լայնորեն հասանելի ախտորոշիչ մեթոդներից ոչ մեկն ի վիճակի չէ կանխատեսել Ալցհեյմերի հիվանդության զարգացումը՝ նման ճշգրտությամբ»,-Aysor.am-ի փոխանցմամբ՝ նշում են փորձագետները։
«Թեև Ալցհեյմերի հիվանդությունը բուժում չունի, բայց դրա վաղ հայտնաբերումը թույլ է տալիս հիվանդներին ստանալ խնամք ու աջակցությունը և սկսել բուժումը՝ վերահսկելու իրենց ախտանիշները և պլանավորելու ապագան», - նշված է համալսարանի կայքում:
ԱՀԿ-ի գնահատականների համաձայն՝ ընդհանուր առմամբ աշխարհում Ալցհեյմերի հիվանդությամբ տառապում է մոտ 50 մլն մարդ, տարեկան նրանց թիվն ավելանում է 6-7 միլիոնով։