Ռոբերտ Ղուկասյանն այսօր մասնակցել է Կապանի օրվան նվիրված տոնական միջոցառումներին
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր մասնակցել է մարզկենտրոն Կապանի օրվան նվիրված տոնական միջոցառումներին։
Օրվա առիթով Կապան են ժամանել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, այլ պաշտոնյաներ։
Մարզպետը վերոնշյալ պաշտոնյաների, համայնքային իշխանությունների, քաղաքի հյուրերի ու բազմաթիվ կապանցիների հետ նախ ծաղկադրում է կատարել Բաղաբուրջի հուշահամալիրում։
Այնուհետև մշակույթի կենտրոնի դահլիճում կայացած՝ «Կապան, քեզանում են մեր բոլոր ակունքները» կարգախոսով հանդիսավոր նիստի ընթացքում, շնորհավորելով ներկաներին, Ռոբերտ Ղուկասյանը նշեց, որ Կապանի զարգացումը լինելու է միշտ, և ոչ մի խոչընդոտ չի կարող դրան խանգարել։
Կապանցիներին շնորհավորեցին նաև Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Մակար վարդապետ Հակոբյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, մանկավարժ Լևոն Մարգարյանը։
Նիստի ավարտին նաև տեղի ունեցավ համերգ՝ մշակույթի կենտրոնի էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի ու Կապանի կանանց երգչախմբի մասնակցությամբ։
Տոնական նախաձեռնությունների շրջանակում մարզպետը (հեղինակ Անդրեաս Օհանջանյանի հետ) բացեց նաև քաղաքում ստեղծված «Սյունիք» հարթաքանդակը․ այն խորհրդանշում է Սյունիքի մարզի հինգ քաղաքային և երկու գյուղական համայնքները, քանդակագործը Գագիկ Ալեքսանյանն է։
Տոնական միջոցառումները Կապանում շարունակվում են։