Կանանց ԱԱ․ Շվեդիայի հավաքականը հաղթեց երրորդ տեղի համար խաղում
Բրիսբենում ավարտվեց 2023 թվականի կանանց Աշխարհի առաջնության բրոնզե մեդալների համար հանդիպումը, որում հանդիպեցին Շվեդիայի և Ավստրալիայի հավաքականները։ Հաղթեց Շվեդիայի հավաքականը՝ 2-0 հաշվով։
Հանդիպման հաշիվը բացվել է 30-րդ րոպեին։ Ավստրալիայի հավաքականի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածն իրացրել է Շվեդիայի հավաքականի հարձակվող Ֆրիդոլինա Ռոլֆոն (1:0): Հանդիպման երկրորդ գոլը գրանցվեց 62-րդ րոպեին. գոլի հեղինակ դարձավ շվեդ հարձակվող Կոսովարե Ասլանին (2:0):
Շվեդիայի հավաքականը պատմության մեջ չորրորդ անգամ դարձավ կանանց Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։ Նաև շվեդները մեկ անգամ նվաճել են Աշխարհի առաջնության արծաթե մեդալները։
2023 թվականի կանանց Աշխարհի առաջնության եզրափակիչը կկայանա վաղը՝ օգոստոսի 20-ին։ Եզրափակիչում կհանդիպեն Անգլիայի և Իսպանիայի հավաքականները, փոխանցում է ArmSport-ը։