Փոխնախարարն ունեցվածքը փորձել է թաքցնել կնոջ հայտարարագրում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղական Ռուբեն Սարգսյանը պաշտոնը ստանձնել է 2020 թվականի դեկտեմբերի 22-ին։ Նշենք, որ
Սարգսյանը չունի աշխատանքային լուրջ ձեռքբերումներ. հիմնականում աշխատել է որոշ հասարակական կազմակերպություններում։ Մինչ նախարարի տեղակալ դառնալը՝ 2020 թվականին, տարբեր ծրագրերի շրջանակներում աշխատել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ում՝ որպես հետազոտող, խորհրդատու, սոցիոլոգ, վիճակագիր։
Նրա բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին կազմել են 100 եվրո, 5 հազար դոլար, 2 մլն 889 հազար դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 5 հազար դոլար, 2 մլն 700 հազար դրամ։ Նրա դրամական միջոցները կազմել են 13 մլն 547 հազար դրամ, որից 13 մլն 371 հազարը աշխատանքի վարձատրություն է ՀՀ սոցիալական հարցերի նախարարությունից, 28 հազար դրամը՝ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբից, 52 հազար դրամը՝ «ՖՐԻԴՐԻԽ-ԷԲԵՐՏ» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղից։
Փոխնախարարի կինը՝ Լիանա Բալյանը, հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ բնակարան, որը ձեռք է բերվել 2017 թվականին Նոր Նորք վարչական շրջանում, սակայն ամուսինը որևէ անշարժ գույք չի հայտարարագրել։
Նա 2020 թվականին ձեռք է բերել նոր մեքենա՝ 2011 թվականի արտադրության, Hyundai մակնիշի, սակայն ամուսինը որևէ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։
Բալյանը, ըստ ամուսնու հայտարարագրի, աշխատում է վարչապետի աշխատակազմում՝ որպես մոնիթորինգի և գնահատման մասնագետ։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 6 մլն 262 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 17 հազար 800 դոլար և 4 մլն դրամ։
Նրա՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 13 մլն 318 հազար դրամ, որից 5 մլն 476 հազարը՝ վարչապետի աշխատակազմից, 7 մլն 519 հազար դրամը՝ Հասարակական հետազոտությունների առաջատար խմբից. երկու դեպքում էլ եկամտի տեսակը եղել է որպես քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ։
Իսկ աշխատանքի վարձատրություն նա ստացել է «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ից՝ 332 հազար դրամ։
Այսպիսով, հասարակական կազմակերպությունների հետ լավ հարաբերություններ ունեցող փոխնախարարը ունեցվածքը փորձել է թաքցնել կնոջ հայտարարագրում։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: