«Քովիդի» աղմկահարույց գործով 27 անձ մեղադրյալի կարգավիճակ ունի
«Քովիդի» աղմկահարույց գործով 27 անձ մեղադրյալի կարգավիճակ ունի։ Այդ մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։
Արսեն Թորոսյանի՝ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում պաշտոնավարման տարիներին կոռուպցիոն չարաշահումների վերաբերյալ աղմկահարույց «Քովիդի» գործով մեղադրյալի կարգավիճակում է նրա նախկին տեղակալ, այժմ՝ փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, առողջապահության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ։
ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է, վարույթի շրջանակներում մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի 27 անձ։
Նկատի ունենալով, որ ՀԿԿ նախագահ Սասուն Խաչատրյանն ինքն էր հայտարարել Արսեն Թորոսյանի հարցաքննության անհրաժեշտության մասին՝ լրատվամիջոցը հետաքրքրվել է, թե ի վերջո Թորոսյանը հարցաքննվե՞լ է, թե՞ ոչ, ինչպես նաև՝ արդյոք հարցաքննվե՞լ է նաև ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը, սակայն այդ հարցադրմանը ՀԿԿ-ն պաշտոնապես զերծ է մնացել պատասխանելուց՝ դա պատճառաբանելով նախաքննության գաղտնիությամբ։ Մամուլում շրջանառվող տեղեկություններով՝ Արսեն Թորոսյանն արդեն հարցաքննվել է քրեական վարույթի շրջանակներում։
Հիշեցնենք, որ մարտի 10-ին իրավապահները խուզարկություն են իրականացրել Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում՝ Արսեն Թորոսյանի պաշտոնավարման տարիներին կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում հայտնաբերված մի շարք չարաշահումներին առնչվող քրեական գործի շրջանակներում։ Ընդ որում, քրեական գործը հարուցվել է շատ ավելի վաղ՝ ավելի մեկ տարի առաջ՝ Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրությունների հիման վրա, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով գումարներ վատնելու կամ յուրացնելու և փաստաթղթեր կեղծելու առերևույթ հանցագործությունների դեպքի առթիվ, սակայն քննությանը նոր թափ հաղորդվել է միայն վերջերս: Քրեական գործով ձերբակալվել էին 11 անձ, այդ թվում՝ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը, «Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ տնօրեն Բաբկեն Շահումյանը, «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լուսինե Եղիազարյանը, այլ բժիշկներ։ Քրեական վարույթի շրջանակներում կալանավորված են Երևանի փոխքաղաքապետ, ՀՀ առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը,«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ տնօրեն Բաբկեն Շահումյանը, նույն ԲԿ փոխտնօրեն Լիլյա Հակոբյանը, իսկ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լուսինե Եղիազարյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է ընտրել տնային կալանքը։
Նա կալանքի տակ է գտնվել մոտ 1,5 ամիս, ապրիլի 27-ին հայտնի դարձավ, որ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ, բավարարել է պաշտպանական կողմի բողոքը ու վերացրել Սիմոնյանի կալանավորումը։