Վրաստանում գործազուրկների թիվը նվազել է
Վրաստանում գործազուրկների թվաքանակը 2023 թ. երկրորդ եռամսյակում նվազել է 14,6 հազարով, այսինքն՝ 5,2 %-ով՝ 2022 թվականի համապատասխան ժամանակաշրջանի տվյալների համեմատությամբ: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:
Նշվում է, որ ըստ երկրի Ազգային վիճակագրական ծառայության՝ «Սաքստատ»-ի տվյալների՝ գործազուրկների թիվը տարվա երկրորդ եռամսյակի արդյունքներով կազմել 266,9 հազար։
Ընդ որում, գործազրկությունը նվազել է միայն քաղաքատիպ բնակավայրերում։ Քաղաքներում գործազրկության մակարդակը կրճատվել է 2,5 տոկոսային կետով, իսկ գյուղական բնակավայրերում այն աճել է 0,2-ով։ Այնուամենայնիվ, քաղաքներում գործազրկության մակարդակն ավելի բարձր է, քան գյուղերում՝ 17,7%՝ 15,3%-ի նկատմամբ:
Ավանդաբար տղամարդկանց շրջանում ավելի շատ են գործազուրկները՝ 18,5%: Կանանց շրջանում գործազրկության մակարդակը կազմել է 14,5%: Մինչդեռ 2023 թ. և 2022 թ. երկրորդ եռամսյակի տվյալները համեմատելիս կանանց շրջանում գործազրկության մակարդակը նվազել է 0,5 տոկոսային կետով, իսկ տղամարդկանց շրջանում՝ 2%-ով։