Մոսկվայի կենտրոնում ԱԹՍ է ընկել
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ օգոստոսի լույս 18-ի գիշերը ՀՕՊ ուժերը խոցել են անօդաչու: «ԱԹՍ-ի բեկորներն ընկել են «Էքսպոկենտրոնի» գոտում, շենքին էական վնաս չի հասցվել։ Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան»,- գրել է Սոբյանինը Telegram-ալիքում։
ՌԴ պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտնել է, որ գիշերը մոտավորապես ժամը չորսին Ուկրաինայի իշխանությունները փորձել են «հերթական ահաբեկչությունն» իրականացնել՝ Մոսկվայի և Մերձմոսկվայի օբյեկտների վրա ԱԹՍ-ի կիրառմամբ։
«ԱԹՍ-ն ՀՕՊ միջոցների հակազդեցությունից հետո փոխել է թռիչքի ուղին և ընկել Մոսկվայի Կրասնոպրեսնենսկայա շրջանի ոչ բնակելի շենքի վրա։ Տուժածներ և հրդեհներ չկան»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
Միևնույն ժամանակ, դատելով ականատեսների տեսանյութից, դեպքի վայրում ծուխ են տեսել, իսկ Baza-ի Telegram ալիքը գրում է, որ նախնական տվյալներով՝ «Էքսպոկենտրոնի» ութերորդ տաղավարում տեղի է ունեցել փլուզում՝ 30 քմ տարածքում: Mash-ը գրում է, որ վնասվել է տաղավարի տանիքը։ Արտակարգ իրավիճակների ծառայություններից «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են, որ վնասվել է միահարկ տաղավարի ճակատը՝ 20 քառ. մետր: Տուժածների մասին չի հաղորդվել։