Ղազախստանի հանքահորում հրդեհի պատճառով 3 մարդ է զոհվել, կան անհետ կորածներ
Կարագանդայի մարզի «Ղազախստանսկայա» հանքահորում բռնկված հրդեհից հետո հայտնաբերվել է ևս մեկ հանքագործի մարմին։ Մինչ այդ հաղորդվել էր 2 զոհի մարմնի հայտնաբերման մասին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ղազախստանյան Total պարբերականից, որոնողական աշխատանքները մինչ այժմ շարունակվում են։
Հանքահորի կոնվեյերային ժապավենի վրա հրդեհը բռնկվել է օգոստոսի 17-ին։ Գետնի տակ այդ պահին եղել է 227 մարդ։ Նրանցից 222-ը տարհանվել է։ Մյուս 2-ի որոնումները շարունակվում են։
Ըստ տեղի առողջապահական վարչության՝ 11 հանքագործ հոսպիտալացվել է։
Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը կառավարությանը հանձնարարել է հետաքննել հանքահորում տեղի ունեցած վթարի պատճառները և անհրաժեշտ օգնությունը ցուցաբերել տուժածներին: Հարուցվել է քրեական գործ։