Ջո Բայդենը պատրաստ է հանդիպել Կիմ Չեն Ընի հետ՝ առանց նախապայմանների․ Սպիտակ տան պաշտոնյա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստ է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հանդիպել առանց նախապայմանների՝ քննարկելու Կորեական թերակղզու միջուկազերծումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին Kyodo գործակալությանը տված հարցազրույցում:
«Նրանք (խմբ․՝ ԿԺԴՀ-ն) դրականորեն չեն արձագանքել այս առաջարկին, բայց այն դեռևս ուժի մեջ է: Մենք պատրաստ ենք բանակցությունների սեղանի շուրջը նստել առանց նախապայմանների», - ասել է նա։
Քիրբիի հայտարարությունն արվել է ԱՄՆ-Ճապոնիա-Հարավային Կորեա գագաթնաժողովի նախօրյակին, որտեղ քննարկման օրակարգի գլխավոր թեման կլինեն Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային կարողությունների զարգացումը և Փհենյանին զսպելու հնարավորությունների հետագա ամրապնդումը։
Քիրբին նշել է, որ առայժմ Փհենյանը հետաքրքրություն չի ցուցաբերել այս առաջարկի հարցում, և նրանց կողմից արձագանքի բացակայության դեպքում «մենք պետք է համոզվենք, որ ցանկացած այլ առումով պատրաստ ենք պաշտպանել մեր ազգային անվտանգության շահերը, ինչպես նաև մեր կորեացի ու ճապոնացի դաշնակիցների շահերը»։
«Սա նշանակում է մեծացնել տարածաշրջանում մեր ունեցած կարողությունները, և մենք, անշուշտ, կդիտարկենք դա ապագայում կրկին անելու հնարավորությունները, եթե պահանջվի», - հավելել է նա։
Ի տարբերություն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի, որը Կիմ Չեն Ընի հետ հանդիպել է երեք անգամ, Բայդենի վարչակազմը Կորեական թերակղզու միջուկազերծման ուղղությամբ քայլերի է դիմել տարբեր ուղիներով, սակայն ոչ՝ բարձր մակարդակով։
Ըստ Kyodo-ի՝ բարձր մակարդակով հանդիպման առաջարկը ցույց է տալիս, որ Բայդենի վարչակազմն ուժեղացնում է ջանքերը Հյուսիսային Կորեայի հետ շփումներն ակտիվացնելու ուղղությամբ։