Հավայներում ավերիչ հրդեհներից հետո հրաժարական է տվել Մաուիի Արտակարգ իրավիճակների գործակալության ղեկավարը
Հինգշաբթի Մաուիի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որը պատասխանատու է արտակարգ իրավիճակների կառավարման համար, հրաժարական է տվել այն բանից հետո, երբ որոշել էր չմիացնել նախազգուշական շչակները անտառային հրդեհների հետ կապված, տեղեկացրել է News.am-ը։
Մաուիի արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության ղեկավար Գերման Անդայայի հրաժարականն ուժի մեջ է մտել անմիջապես, տեղեկացրել է օկրուգի ներկայացուցիչը։
Անդայան հրաժարականի հայտարարություն է տվել, եւ քաղաքապետ Ռիչարդ Բիսենն ընդունել է այն, նշվել է Մաուի օկրուգի հայտարարությունում։
«Նկատի ունենալով ճգնաժամի լրջությունը՝ ես եւ իմ թիմը որքան հնարավոր է արագ կնշանակենք որեւէ մեկին այս կարեւոր պաշտոնում, եւ ես հույս ունեմ, որ այդ հայտարարությունը կարվի առաջիկայում»,- ասել է Բիսենը։
Բնակիչները պատմել են, որ իրենք կարողացել են փրկվել բջջային սարքերին որեւէ տեղեկություն չստանալով, քանի որ էլեկտրականությունն անջատվել էր։
Անդայայի խոսքով՝ նա որոշել է շչակները չմիացնել հրդեհի մասին նախազգուշացնելու համար, քանի որ զգուշացել է, որ մերձափնյա շրջանների բնակիչները կփախչեն կղզու խորքը՝ հրդեհին ընդառաջ։ Նա նշել է, որ շչակները հիմնականում օգտագործվում են ցունամիների ժամանակ։
Անտառային հրդեհը օգոստոսի 8-ին ամայացրել է Լահայնա պատմական քաղաքը Մաուիի արեւմուտքում, զոհվել է ավելի քան 100 մարդ, հրդեհվել են հազարավոր շենքեր, այդ թվում բնակելի։