Շվեյցարիան չի ճանաչի Ուկրաինայի մի շարք շրջաններում, Աբխազիայում եւ Հարավային Օսիայում ՌԴ տված անձնագրերը
Ուկրաինայի՝ Ռուսաստանի կողմից օկուպացված կամ Վրաստանի ինքնահռչակ շրջանների անձինք այլեւս չեն կարող Շենգենյան վիզա ստանալ կամ հատել Շենգենյան գոտու արտաքին սահմանը Ռուսաստանի տված փաստաթղթով։ Այս մասին նշվել է Շվեյցարիայի Դաշնային խորհրդի հայտարարությունում։
Դաշնային խորհուրդը այս կանոնն ընդունել է 2023թ. օգոստոսի 16-ի իր նիստում։
«Չեն ընդունվում սովորական անձնագրերը եւ դիվանագիտական անձնագրերը, կեցության իրավունքը քաղաքացիություն չունեցող անձանց համար, վերադարձի վկայականները եւ նավաստիների անձը հաստատող փաստաթղթերը։ Ուկրաինայի համար սահմանվել են փաստաթղթեր տալու տարբեր ժամկետներ՝ կախված այն շրջաններից, որոնց փաստաթղթերն այլեւս չեն ընդունվում։
Աբխազիայի եւ Հարավային Օսիայի համար 2008թ. օգոստոսի 26-ը սահմանագիծն է. այդ ամսաթվից հետո տրված ռուսական փաստաթղթերը այլեւս չեն ընդունվում Շենգենյան գոտու համար։ 2008թ. օգոստոսին Ռուսաստանը հայտարարել է, որ ճանաչում է Աբախզիան եւ Հարավային Օսիան անկախ պետություններ։ Քիչ երկրներ են հետեւել այդ օրինակին, եւ Շվեյցարիան այդ շրջանները համարում է Վրաստանի անքակտելի մաս։
Որպես Շենգենյան համաձայնագրի երկիր՝ Շվեյցարիան պարտավոր է ստանձնել ԵՄ որոշումները։ Չնայած սահմանափակումներին՝ վիզաներ կարող են տրվել հումանիտար նկատառումներից, ազգային շահից ելնելով կամ միջազգային պարտավորությունների հետ կապված»,- նշվել է հաղորդագրությունում։