Մոսկվայի մարզում ԱԹՍ-ի հերթական հարձակում է եղել. Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես փակվել են
Օգոստոսի 18-ի վաղ առավոտյան Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանի օդային տարածքը փակվել է ինքնաթիռների համար։ Սահմանափակվել են նաև թռիչքները «Դոմոդեդովո», «Շերեմետևո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին հայտնել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիա)։
«Այսօր՝ 2023 թվականի օգոստոսի 18-ի առավոտյան, քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով, ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի Մոսկվայի օդանավակայաններ՝ «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո», ինչպես նաև «Ժուկովսկի» օդանավակայան», - նշել են նրանք։
«Վնուկովո»-ում հետաձգվել է 14 չվերթ։ Ռոսավիացիայում հայտնել են, որ 7 չվերթ վերաուղղվել է այլ օդանավակայաններ։ Սահմանափակումները վերացվել են առավոտյան ժամը 04։30-ին, որից հետո բոլոր ուղևորներին հասցրել են համապատասխան օդանավակայաններ։ Գերատեսչությունը հայտնել է, որ Մոսկվայի օդանավակայանները վերսկսել են կանոնավոր աշխատանքը։
«Թռիչքների ընդունման և մեկնելու ժամանակավոր սահմանափակումների ընթացքում օդանավերի անձնակազմերը, ավիակարգավարները և օդանավակայանի վերգետնյա ծառայությունները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար», - հավելել են Ռոսավիացիայում։
Ավելի վաղ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր խոցված անօդաչու թռչող սարքի մասին։ Դրա բեկորներն ընկել են «Էքսպոկենտրոնի» վրա: Արտակարգ իրավիճակների ծառայությունից հայտնել են, որ վնասվել է շենքի պատը, փլուզման տարածքը մոտ 30 քառ․ մ է։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան, հրդեհ չի բռնկվել։
Իր հերթին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, ԱԹՍ-ով հարձակումը ձեռնարկվել է Կիևի կողմից։ Ըստ գերատեսչության՝ անօդաչուների թիրախում են եղել Մոսկվայում և Մոսկվայի մարզում գտնվող օբյեկտները։ ԱԹՍ-ն խոցվել է ՀՕՊ համակարգերի կողմից։