Շվեդիայի իշխանությունները բարձրացրել են երկրում ահաբեկչական սպառնալիքի մակարդակը
Շվեդիայում Պետանվտանգության ծառայության ղեկավարի որոշմամբ ահաբեկչական սպառնալիքի մակարդակը «բարձրացվածից» հասցվել է «բարձրի»: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից, այս մասին հաղորդագրություն է տարածել շվեդական հատուկ ծառայությունը։
«Ահաբեկչական սպառնալիքի մակարդակը փոխելու որոշումը կապված չէ որևէ կոնկրետ իրադարձության հետ, բայց ընդունվել է ռազմավարական նկատառումներով` նախատեսված երկարաժամկետ հեռանկարի համար», - ասվում է հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ փաստաթղթում նշվում է, որ «վերջին տարվա ընթացքում Շվեդիայում մեծացել է հարձակումների սպառնալիքն արմատական իսլամիստների կողմից, որոնց համար Շվեդիան դարձել է թիրախ»։
«Մեր ընկալմամբ այդ սպառնալիքը երկար կմնա, ուստի որոշում է կայացվել ահաբեկչական վտանգի մակարդակը բարձրացնելու վերաբերյալ», - նշվում է փաստաթղթում։
Շվեդիայում ահաբեկչական վտանգի «բարձր» մակարդակը 5-բալանոց սանդղակով համապատասխանում է «չորսին»։
Վերջին ժամանակներս Շվեդիայում քանիցս բողոքի ակցիաներ են անցկացվել, որոնց մասնակիցներն այրել են Ղուրաններ, ինչը չի ընդունվել մուսուլմանական համայնքի և մուսուլմանական երկրների իշխանությունների ներկայացուցիչների կողմից։