Քրդական ուժերը հայտարարել են Ռաքքայում ԻՊ-ի գլխավոր պարագլուխներից մեկի վերացման մասին
Քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) հայտարարել են Սիրիայի Ռաքքա քաղաքում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության գլխավոր պարագլուխներից մեկի վերացման մասին։ Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը։
SDF-ի հայտարարության համաձայն՝ ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումների մարտիկները, միջազգային կոալիցիայի և Իրաքյան Քրդստանի (խմբ․՝ ինքնավար տարածաշրջան Իրաքի հյուսիսում) հակաահաբեկչական ծառայության հետ համագործակցությամբ, հատուկ գործողություն են իրականացրել Ռաքքա քաղաքի կենտրոնում, որի արդյունքում ոչնչացվել է ԻՊ-ի գլխավոր պարագլուխներից մեկը՝ Իբրահիմ ալ Ալի անունով, որը հայտնի է նաև որպես «Աբու Մուջահիդ»: Նշվում է, որ այն տանը, որտեղ թաքնվում էր նա, հայտնաբերվել են զենք ու զինամթերք, ինչպես նաև կապի միջոցներ։
Սիրիայի Հասաքայի, Դեյր էզ Զորի և Ռաքքայի նահանգների մեծ մասը, որոնք գտնվում են երկրի արևելքում և հյուսիս-արևելքում, ներկայումս վերահսկվում են քրդական SDF-ի կողմից, որոնց օգնություն է ցույց տալիս ԱՄՆ-ն։ 2015 թվականից ամերիկյան հրամանատարությունն 9 ռազմակայան է ստեղծել այդ շրջանում։