Վրաստանն ու Իսրայելը ազատ առևտրի շուրջ բանակցությունները կսկսեն 2024 թվականին
Վրաստանը և Իսրայելը երկու երկրների միջև ազատ առևտրի շուրջ բանակցությունները կսկսեն 2024 թվականին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ ամփոփելով Իսրայելի իր պաշտոնակից Բենյամին Նեթանյահուի հետ կայացած հանդիպման արդյունքները։
«Ուրախ եմ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպմամբ` Իսրայել կատարած իմ պաշտոնական այցի ընթացքում: Մենք քննարկել ենք երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Երբ մենք հաջորդ տարի սկսենք ազատ առևտրի շուրջ բանակցությունները, մեր տնտեսական, պաշտպանական և անվտանգության կապերը կշարունակեն ամրապնդվել: Շնորհակալ ենք Իսրայելին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն աջակցելու համար», - գրել է Ղարիբաշվիլին X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում:
Ղարիբաշվիլին պաշտոնական այցով Իսրայել էր մեկնել օգոստոսի 16-ին՝ գլխավորելով կառավարական պատվիրակությունը։
Մայիսին Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին և Իսրայելի էկոնոմիկայի ու արդյունաբերության նախարար Նիր Բարկատը հռչակագիր էին ստորագրել երկու երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի նպատակահարմարության ուսումնասիրությունն ավարտելու վերաբերյալ։