Նեոնատալ ցնցումներ. ախտածագումը և կլինիկական դրսևորումները
Նորածնային շրջանը համարվում է նորածնի կյանքի առաջին 28 օրը, այսինքն՝ ծննդաբերությունից հետո առաջին 4 շաբաթը:
Նորածինների շրջանում հաճախ հանդիպող նյարդաբանական ախտաբանական վիճակներից են նեոնատալ ցնցումները:
Նորածնային նոպաներն ունեն յուրահատուկ ախտածագում և կլինիկական տարբեր դրսևորումներ, համեմատած ավելի մեծ տարիքային խմբերի երեխաների հետ՝ դրանց երբեմն դժվար է ախտորոշել:
Aysor.am-ի փոխանցմամբ՝ նոպաները, որոնք տեղի են ունենում ծնվելուց հետո 12-24 ժամվա ընթացքում, առավել վկայում են հիպոքսիկ-իշեմիկ էնցեֆալոպաթիայի, մինչդեռ նոպաները, որոնք տեղի են ունենում այս ժամկետից հետո՝ վկայում են վարակի, արյունազեղման կամ իշեմիկ ինսուլտի մասին:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ախտորոշիչ կենտրոնի նյարդաբան, Լիլիթ Գալստյանը նշում է ՝ նյարդաբանական ստատուսի ճշգրիտ գնահատումը, ինչպես նաև հիմք ընդունելով նաև ծնողների գանգատները, ուղղված են ցնցման էթիոլոգիայի բացահայտմանը, նորածնային նոպաներով երեխաների վարման ճշգրիտ կառավարմանը, բուժման ռազմավարությանը՝ կանխարգելելով հետագա բարդությունների առաջացումը:
Ցնցումների էթիոլոգիան նորածնային շրջանում պայմանավորված է մի շարք գործոններով՝ նյութափոխանակության խանգարումներ, տարած ասֆիքսիա, ներգանգային արյունազեղումներ, վարակներ, գլխուղեղի բնածին անոմալիաներ, ինչպես նաև մի շարք այլ պատճառներ:
Ցնցումների ախտածագումը սահմանվում է որպես գլխուղեղի կեղևի նեյրոնների աննորմալ, սինխրոն պարպումներ:
Նորածնային նոպաները դասակարգվում են.
ֆոկալ կլոնիկ ցնցումներ, որոնք դրսևորվելով դեմքի, վերին կամ ստորին վերջույթների, պարանոցի կրկնվող ռիթմիկ կծկումներով, չեն դադարում վերջույթների ֆիզիկական ճնշման կամ վերադիրքավորման պարագայում,
ֆոկալ տոնիկ ցնցումներ, որոնք գերակշռող դրսևորվում են վերին վերջույթների ծալումով և ստորին վերջույթների տարածումով, պարանոցի շարունակական, անցողիկ, ասիմետրիկ դիրքով,
միոկլոնիկ ցնցումներ:
Մասնագետի խոսքով՝ նորածինների շրջանում ցնցման կասկածի դեպքում անհրաժեշտ է անհապաղ բացառել արյան մեջ գլյուկոզայի մակարդակի նվազումը, էլեկտրոլիտային դիսբալանսը՝ հիպոկալցեմիան, հիպոմագնեզեմիան, հիպոնատրիեմիան:
Բացի նորածնի զննումից, կիրառվում են մի շարք ախտորոշիչ հետազոտություններ՝ համակարգչային տոմոգրաֆիա, նեյրոսոնոգրաֆիա, մագնիսական ռեզոնանսային տոմոգրաֆիա:
Նորածինների մոտ ցնցումների առկայությունը հաստատելու համար թիրախային է էլեկտրոէնցեֆալոգրաֆիան, որի միջոցով հնարավոր է տարբերակել ոչ էպիլեպտիկ վարքագիծը նորածնային նոպաներից:
Նոպաների կանխատեսումը կախված է դրանց առաջացման էթիոլոգիկ գործոններից: Եթե էլեկտրոէնցեֆալոգրաֆիան նորմալ է, ապա կանխատեսումը գերազանց է:
Նորածինների նոպաների ախտորոշումը, կառավարումը և կանխարգելումը պահանջում են բազմապրոֆեսիոնալ մոտեցում՝ կլինիկական նոպաների ոչ լիարժեք և ընդունվող դեղամիջոցների կողմնակի ազդեցությունների հետևանքով առաջացած բարդություններից խուսափելու համար:
Լիլիթ Գալստյանը ընդգծում է՝ նորածինների նորմալ վարքագիծը, որը կարող է նմանակել նոպաներին, ներառում է ծծելու շարժումները, զկռտոցը, աչքերը բացելը-փակելը կրկնելը, աչքերի շեղումը, բերանի և լեզվի կրկնվող շարժումները, ստորին վերջույթներով հեծանիվ վարելը, տոնիկ կեցվածքը և նորածինների քնի ընթացքում բարորակ միոկլոնուսը (ֆիզիոլոգիական միոկլոնուս, որն առաջանում է քնի ժամանակ):