Չինաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ տարածաշրջանային խաղաղության հաստատման հարցում․ Հայաստանում ՉԺՀ դեսպան
Չինաստանը աջակցում է ցանկացած դիվանագիտական ջանքերին և պատրաստ է իր կառուցողական ներդրումն ունենալ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման հարցում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը՝ ընդգծելով, որ չինական կողմը մշտապես ուշադրություն է դարձնում Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի շուրջ այս վերջին զարգացումներին և մտահոգություն է հայտնում ներկա իրավիճակի և դրա հետևանքների վերաբերյալ։
«Մենք միշտ հետևում ենք նորություններին, և այդ հարցը մեզ համար նույնպես շատ կարևոր է։ Կարծում եմ՝ այդ հարցը լուծելու միակ միջոցը երկխոսությունն է. պետք է երկու երկրները խոսեն և այս հարցը խաղաղ ճանապարհով լուծեն։
Հուսով ենք, որ համապատասխան կողմերի մասնակցությամբ Հայաստանն ու Ադրբեջանը կամրապնդեն երկխոսությունը, հաղորդակցությունը և համառորեն կլուծեն երկու երկրների միջև առկա վեճը»,- նշեց դեսպանը:
Նա ընդգծեց, որ այդ հարցը պետք է լուծվի ընդհանուր միջազգային ճանաչված օրենքների և միջազգային հարաբերություների նորմերին համապատասխան՝ պահպանելով տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև մարդկանց բարգավաճումը։ Չինական կողմը աջակցում է այդ նպատակին հասնելու ցանկացած դիվանագիտական ջանքերի և պատրաստ է իր կառուցողական ներդրումն ունենալ դրանում։