Լատվիայի նախագահն Անվտանգության խորհրդի նիստ է գումարել Բելառուսում «Վագներ»-ի տեղակայման պատճառով
Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը հայտնել է, որ Ազգային անվտանգության խորհրդի նիստ է գումարել երկրի արևելյան սահմանին տիրող իրադրությունը և Բելառուսում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ներկայությունը քննարկելու համար։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:
«Այսօր ես Ազգային անվտանգության խորհրդի նիստ եմ հրավիրել. օրակարգում են պատիժների քաղաքականությունը հիբրիդային պատերազմի պայմաններում, իրավիճակն արևելյան սահմանին և «Վագներ» խմբի գտնվելը Բելառուսում», - գրել է Ռինկևիչսը X (նախկինում՝ Twitter) սոցցանցում:
Ավելի վաղ երկրի կառավարությունը հայտարարել էր, որ Լատվիան օգոստոսի 11-ից կես տարով ուժեղացնում է սահմանային հսկողության ռեժիմը Բելառուսի հետ սահմանակից շրջաններում՝ անօրինականորեն երկիր թափանցելու դեպքերի հաճախանալու պատճառով։ Լատվիայի պետական սահմանային ծառայությունը հաղորդել է, որ անօրինական միգրացիայի հոսքի աճի պատճառով սահմանապահների լրացուցիչ մոբիլիզացում է անցկացնում և աշխատակիցներին հետ է կանչում արձակուրդից։
Ավելի վաղ Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հնարավոր է համարել Բելառուսի հետ սահմանի փակումը`այնտեղ «Վագներ» ՄՌԸ-ի գտնվելու պատճառով, բայց միայն Լեհաստանի և Լատվիայի հետ համակարգմամբ:
Հուլիսի վերջին Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիեցկին անհանգստություն էր հայտնել, որ Բելառուսում տեղակայված «Վագներ» խմբի մարտիկներն անօրինական միգրանտների անվան տակ կսկսեն թափանցել Լեհաստան։ Նա հայտարարել էր, որ Լեհաստանը տեղեկություններ ունի, թե «Վագներ» խմբի ավելի քան 100 մարտիկ առաջ են շարժվել դեպի բելառուսական Գրոդնոյից ոչ հեռու գտնվող Սուվալկի միջանցք։ Մորավեցկին հայտարարել էր, որ «սա քայլ է դեպի Լեհաստանի տարածքում հետագա հիբրիդային գրոհ»։