ԱՄՆ-ն Իսրայելին թույլ է տվել Arrow 3 հակահրթիռային պաշտպանության համակարգեր վաճառել Գերմանիային
ԱՄՆ-ն համաձայնել է Իսրայելի կողմից Գերմանիային Arrow 3 հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգերի վաճառքին։ Այդ համակարգերն Իսրայելը մշակել է ԱՄՆ-ի հետ միասին, ուստի դրանց արտահանումը պահանջում էր Վաշինգտոնի հավանությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Jerusalem Post-ը և գործարքը որակում «պատմական»:
«Սա կարևոր որոշում է, որն օգուտ կբերի Իսրայելի ռազմական կառույցին և տնտեսությանը... Մենք հպարտանում ենք այս պաշտպանական համաձայնագրով, որն ամենախոշորն է Իսրայելի պատմության մեջ», - հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը:
Հրատարակության տեղեկատվությամբ՝ գործարքի ընդհանուր գումարը կարող է կազմել 3,5-4 միլիարդ դոլար։
Հունիսի կեսերին Բունդեսթագը հավանություն է տվել Arrow 3-ի ձեռքբերման համար 600 միլիոն դոլար առաջին մասնաբաժնի վճարմանը։ Այժմ Իսրայելը, Գերմանիան և համակարգի հիմնական մշակող իսրայելական Israel Aerospace Industries կոնցեռնը պետք է գրավոր պարտավորություններ ստորագրեն մանրամասները հստակեցնելու նպատակով, իսկ ամբողջական պայմանագիրն, ամենայն հավանականությամբ, կկնքվի մինչև 2023 թ. վերջը։
Գերմանիայի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ գերմանական ռազմաօդային ուժերը Arrow 3-ը կստանան մինչև 2025 թ.-ի չորրորդ եռամսյակը։
Arrow 3-ն Իսրայելի ամենաժամանակակից ՀՀՊ համակարգն է, որը նախատեսված է՝ կալանելու թշնամու բալիստիկ հրթիռները, քանի դեռ դրանք գտնվում են Երկրի մթնոլորտից դուրս։ Աշխատանքներ են տարվում նաև ավելի կատարելագործված Arrow 4 համակարգի ուղղությամբ։