Հնդկաստանում հորդ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 81-ի
Հնդկաստանի հյուսիսում առնվազն 81 մարդ է զոհվել հորդ անձրևների հետևանքով առաջացած ավերումներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է India Today պարբերականը։
Ավելի վաղ հաղորդվել էր 66 զոհի մասին։ Օգոստոսի 12-ին և 13-ին տեղատարափ անձրևներ են տեղացել Հնդկաստանի հյուսիսային Հիմաչալ Պրադեշի և Ուտարակհանդի նահանգներում: Դրանք հանգեցրել են սողանքների և տների ավերման։
Հունիսի վերջից սկսված անձրևների սեզոնի ընթացքում Հիմաչալ Պրադեշում գրանցվել են 743 մմ տեղումներ, այսինքն`ավելի շատ, քան անցյալ տարվա ամբողջ մուսսոնային անձրևների ժամանակ՝ հունիսից սեպտեմբեր, երբ գրանցվել են 730 մմ տեղումներ։ Ըստ նահանգի արտակարգ ծառայությունների՝ հունիսից նահանգում 214 մարդ է մահացել անձրևների հետ կապված միջադեպերի հետևանքով։ Օդերևութաբանները հուլիսը համարում են տարածաշրջանի համար ռեկորդային վերջին 50 տարվա ընթացքում:
Հիմաչալ Պրադեշի գլխավոր նախարարի գնահատմամբ` հուլիս-օգոստոս ամիսներին վատ եղանակը նահանգին հասցրել է 1 միլիարդ դոլարի վնաս: Նրա խոսքով՝ անձրևների հետևանքների վերացման համար կպահանջվի մեկ տարի։
Երկու նահանգներում առատ տեղումների պատճառով փակ է ճանապարհների մի մասը։ Տեղի իշխանությունները զբոսաշրջիկներին խորհուրդ են տալիս առաջիկա օրերին ձեռնպահ մնալ Հիմաչալ Պրադեշ ուղևորություններից։ Օդերևութաբանները մինչև օգոստոսի 19-ը տարածաշրջանում անձրևային եղանակ են կանխատեսում: