Հավայան կղզիներում հրդեհների զոհերի թիվը հասել է 111-ի
Հավայան Մաուի կղզում անտառային հրդեհներն առնվազն 111 մարդու կյանք են խլել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով Մաուիի շրջանի վարչակազմի հայտարարությունը։
Օգոստոսի 16-ի տվյալներով՝ որոնողական աշխատանքներն ավարտվել էին կղզու հրդեհված գոտու դեռ 38 % հատվածում։ Իշխանությունները հույս ունեն որոնողական աշխատանքների մեծ մասն ավարտել մինչև առաջիկա շաբաթ և կիրակի օրերը։
Առայժմ հայտնի չէ, թե քանի անհետ կորած կա, սակայն Հավայիի նահանգապետ Ջոշ Գրինը հայտնել է, որ նրանց թիվը, հնարավոր է, շուրջ 1000 է։ Նահանգապետը նահանգի գլխավոր դատախազին հանձնարարել է ստուգել տեղական իշխանությունների գործողությունները տարերային աղետի ժամանակ։ Դա կապված է, ի թիվս այլ հարցերի, ազդարարման համակարգի աշխատանքի առնչությամբ հնչած քննադատությունների հետ. հրդեհների ժամանակ ազդանշանների զգալի մասը լռում էր:
Կղզու արտակարգ իրավիճակների գործակալության ղեկավար Գերման Անդայիի խոսքով՝ ազդանշանները, որպես կանոն, օգտագործվում են վերահաս ցունամիի մասին նախազգուշացնելու համար, և եթե դրանք հնչեին, մարդիկ կգնային լեռան լանջ, որտեղ հրդեհներն ամենաուժեղն էին։
Հավայան կղզիներում հրդեհներն սկսվել են մեկ շաբաթ առաջ։ Կրակի տարածմանը նպաստել են քամու պոռթկումները։ Մաուիի Լահայնա քաղաքում, որտեղ ապրում է 13 հազար մարդ, այրվել են գրեթե բոլոր շենքերը։