Ատեստավորման գործընթացը բանակում անառողջ մթնոլորտ է ձևավորել. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրել է. Ատեստավորման գործընթացը, ըստ մեր աղբյուրների, բանակում եւ պաշտպանության համակարգում անառողջ մթնոլորտ է ձեւավորել, որը կարող է հանգեցնել կադրերի մեծ արտահոսքի՝ պրոֆեսիոնալ զինվորականները հեռանան։ Հիշեցնենք․ եթե պետական այլ օղակներում աշխատավարձերի կտրուկ բարձրացում են իրականացնում` առանց որեւէ նախապայմանի, ապա որոշ համակարգերում, մասնավորապես` բանակում, վարձատրությունը կարող է աճել միայն ատեստավորում անցնելուց հետո։
Ինչպես հայտնի է, բավականին բարձր չափանիշներ են սահմանվել ատեստավորման համար, որտեղ ո՛չ զինվորականի անցած մարտական ուղին, ո՛չ ավանդը, ո՛չ տարիքը կամ պրոֆեսիոնալ զինվորական լինելու փաստը դեր չի խաղում: Ատեստավորումը կազմված է երկու բաժնից` տեսական, մասնագիտական թեստեր եւ պրակտիկ առաջադրանքներ` շարային պատրաստություն, որոնք ոչ բոլորն են հաղթահարում․ ոմանք՝ տարիքի, ոմանք` մարտական գործողությունների ժամանակ ստացած վիրավորումների պատճառով:
Արդյունքում ատեստացիայից կտրվում են, եւ փաստացի աշխատավարձերը մնում են ցածր, որով գնաճի պայմաններում ապրելը դարձել է անհնարին։ Մեզ ասացին, որ այս անհավասար եւ անառողջ մթնոլորտում ոմանք արդեն թողել են ծառայությունը, ոմանք մտածում են թողնելու մասին, ինչը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել բանակի համար։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։