Քուրդ տղամարդիկ 8 տարվա ազատազրկման են դատապարտվել Հայաստանից Ավստրալիա թմրանյութ ուղարկելու փորձի համար
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Նապոլեոն Օհանյանի, 8 տարվա ազատազրկման է դատապարտել ազգությամբ քուրդ ազգականներ, ԻԻՀ քաղաքացիներ Բաշիր և Հոսեյն Զերաաթիդարաբներին առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու, ինչպես նաև թմրամիջոցը մաքսանենգությամբ Ավստրալիա տեղափոխել փորձելու համար։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ՝ ուսումնասիրելով ԻԻՀ քաղաքացիների վերաբերյալ քննված քրեական գործը։
Ըստ մեղադրանքի՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ Բաշիր Զերաաթիդարաբը հորեղբոր որդու՝ Հոսեյն Զերաաթիդարաբի հետ 2022 թվականի հունիսի 10-ին ԻԻՀ-ից մուտք է գործել Հայաստան և ժամանակավորապես բնակություն հաստատել Երևանում: Քուրդ տղամարդիկ թմրամիջողների մաքսանենգության նպատակով ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով՝ 3025,76 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցը տեղադրել են ստվարաթղթե արկղի կողային հատվածներում, ապա արկղի մեջ տեղավորել են նաև իրենց կողմից նախապես ձեռք բերած կենցաղային իրեր` հագուստ ու սուրճ: Փաստական տվյալների համաձայն՝ հանցախմբի անդամները հունիսի 20-ին «Հայփոստ» ընկերության Երևան քաղաքի փոստային բաժանմունքում որպես փոստային առաքանի, Բաշիր Զերաաթիդարաբի անունից ծանրոցը հանձնել են բաժանմունքի աշխատակցին՝ Ավստրալիական Միություն առաքելու համար, որից հետո կատարել են առաքման համար անհրաժեշտ վճարումը և հեռացել: Սակայն ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից թմրամիջոցը հայտնաբերվել ու վերցվել է։ Ըստ գործի նյութերի՝ Բաշիր Զերաաթիդարաբը ձերբակալվել է դեպքի հաջորդ օրը՝ հունիսի 21-ին, իսկ Հոսեյն Զերաաթիդարաբը՝ մեկ ամիս անց՝ հայ իրանական սահմանն ապօրինի հատելու փորձի ժամանակ։
Ըստ դատավճռի՝ Բաշիր Զերաաթիդարաբը և Հոսեյն Զերաաթիդարաբը հիմնական դատալսումների ընթացքում ընդունել են իրենց մեղքը։ 2023 թվականի հուլիսի 18-ին դատարանը հիմնական դատալսումները հայտարարել է ավարտված և առանձին սենյակում որոշում է կայացրել ԻԻՀ քաղաքացիների նկատմամբ մեղադրական վերդիկտ կայացնելու վերաբերյալ: Նույն օրը դատարանը վճռել է քուրդ տղամարդկանց մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքով նախատեսված հանցանքների կատարման մեջ և դատապարտել 8-ական տարվա ազատազրկման։