Հյուսիսային Կորեան հայտարարել է իր տարածք ամերիկացի զինվորի անցնելու մասին
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ ամերիկացի զինվոր Թրեւիս Քինգը անցած ամիս անցել է իր տարածք բանակում «անմարդկային դաժան վերաբերմունքի եւ ռասայական խտրականության պատճառով, տեղեկացրել է News.am-ը, հղում անելով ВВС-ին։
23-ամյա շարքայինը Հարավային Կորեայի հետ սահմանը հատել է հուլիսի 18-ին։
Շարքային Քինգը խոստովանել է, որ սահմանը հատել է անօրինական ձեւով եւ ցանկանում էր ապաստան ստանալ Հյուսիսային Կորեայում, տեղեկացրել են տեղի պետական ԶԼՄ-ները։
Վաշինգտոնը հայտարարել է, որ չի կարող ստուգել այն հայտարարությունները, որոնք դարձել են այդ գործով Փհենյանի առաջին հրապարակային մեկնաբանությունները։
ԱՄՆ-ն փորձում է պայմանավորվել շարքային Քինգի ազատ արձակման վերաբերյալ՝ ՄԱԿ հրամանատարության օգնությամբ, որը վերահսկում է սահմանամերձ գոտին եւ ուղիղ հեռախոսակապ ունի հյուսիսկորեական բանակի հետ։
Չորեքշաբթի, պատասխանելով հյուսիսկորեական կողմի տեղեկությանը, Պենտագոնի ներկայացուցիչը հայտարարել է, որ առաջնահերթը շարքային Քինգին անվտանգ տուն հասցնելն է։
KCNA պետական տեղեկատվական գործակալությունը չի տեղեկացրել՝ արդյոք նա կենթարկվի դատաքննության, թե՞ պատժի։
«Հետաքննության ընթացքում Թրեւիս Քինգը խոստովանել է, որ որոշել է անցնել Հյուսիսային Կորեա, քանի որ բարի զգացումներ չի ունեցել ԱՄՆ բանակում անմարդկային վերաբերմունքի եւ ռասայական խտրականության առումով։ Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել ապաստան փնտրել Հյուսիսային Կորեայում կամ երրորդ երկրում՝ հայտարարելով, որ հիասթափված է անիրավահավասար ամերիկյան հասարակությունից»,- նշել է հյուսիսկորեական ԶԼՄ-ն։
Շարքային Քինգը հետախուզության մասնագետ է, բանակում ծառայում է 2021թ. հունվարից եւ գտնվել է Հարավային Կորեայում, փոխատեղման շրջանակում։
Մինչեւ սահմանը հատելը երկամսյա բանտարկության էր դատապարտված Հարավային Կորեայում հարձակման մեղադրանքով եւ ազատ էր արձակվել հուլիսի 10-ին։