Ադրբեջանցու կողմից սպանված ԶՄՊԿ պահնորդի իրավահաջորդները համաձայն չեն դատավճռի հետ. «Փաստինֆո»
ՀՀ ինքնիշխան տարածք ապօրինի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի կողմից սպանված ԶՄՊԿ պահնորդի իրավահաջորդները համաձայն չեն դատավճռին, պնդում են՝ դատարանը մեղմ պատիժ է սահմանել։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։ Վերջիններս բողոքարկել են դատավճիռը՝ պահանջելով ադրբեջանցուն դատապարտել ցմահ ազատազրկման։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, ՀՀ ինքնիշխան տարածք ապօրինի ներթափանցած եւ ՀՀ քաղաքացի, ԶՄՊԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանին սպանելու մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Հուսեյին Ախունդովին մեղավոր էր ճանաչել եւ դատապարտել էր ազատազրկման՝ 20 տարի ժամկետով։
Դատավճռի հետ, սակայն, համաձայն չէ տուժող կողմը։ Մելիքսեթյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Ալավերդյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ պահանջելով նշանակված պատժի մասով բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը եւ Ախունդովի նկատմամբ որպես պատիժ նշանակել ցմահ ազատազրկումը։ Փաստաբանն ընդգծում է, որ նշանակված պատիժը համաչափ չէ եւ չի նշանակվել պատժի նշանակման սկզբունքների համապատասխան, հաշվի չի առնվել ծանրացնող հանգամանքները։
«Միայն ցմահ ազատազրկումը կարող է ապահովել պատժի նպատակները, հատկապես՝ կանխարգելիչ նպատակը»,- նշել է Ալավերդյանը՝ հավելելով, որ բողոքը ներկայացվել է եւ դեռեւս առկա չէ տեղեկություն՝ այն վարույթ ընդունելու վերաբերյալ։
«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի համաձայն՝ վերաքննիչ բողոքը մակագրված է դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին։
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ՀՀ ինքնիշխան տարածք են ներխուժել ադրբեջանցի երկու զինծառայող՝ Ագշին Բաբիրովը եւ Հուսեյին Ախունդովը։ Նախ հայտնաբերվել եւ ձերբակալվել էր Ագշին Բաբիրովը, որը հայտնել էր, որ ՀՀ միայնակ չէր ներխուժել։ Մինչ կհայտնաբերվեր մյուս ադրբեջանցին, հայտնի դարձավ ՀՀ քաղաքացու սպանության մասին։
Ապրիլի 12-ին սպանվել է ԶՄՊԿ պահնորդ, 57-ամյա Հայրապետ Մելիքսեթյանը՝ պոչատար գնացող խողովակաշարի վրա աշխատանքներ իրականացնելիս։ Դիակի զննությամբ հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ՝ գլխի եւ կրծքավանդակի շրջանում։ Դեպքի վայրից վերցվել են նմուշներ, երկփողանի հրացան, որը հայտնաբերվել է տնակի մեջ, ինչպես նաեւ քննությանը հետաքրքրող այլ առարկաներ: Դեպքի առթիվ ՔԿ-ում նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի եւ 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Ապա հայտնի դարձավ, որ Կապանի բնակիչների կողմից հայտնաբերվել ու բռնվել է ապրիլի 10-ին ՀՀ ապօրինի ներթափանցած երկրորդ ադբրեջանցին, որի մոտ եղել է նաեւ սպանված պահնորդի հեռախոսը։
Պահնորդի սպանության գործը ՔԿ-ից տեղափոխվել է ԱԱԾ, որտեղ եւ քննվում էր ադրբեջանցիների կողմից ՀՀ սահմանն ապօրինի ներխուժելու վերաբերյալ քրեական վարույթը։
Ագշին Բաբիրովը Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ մեղավոր է ճանաչվել ՀՀ սահմանն ապօրինի հատելու, ռազմամթերք տեղափոխելու մեղադրանքով եւ դատապարտվել ազատազրկման՝ 11.5 տարի ժամկետով, իսկ Հուսեյին Ախունդովը մեղավոր է ճանաչվել ՀՀ սահմանն ապօրինի հատելու, ռազմամթերք տեղափոխելու եւ ԶՄՊԿ պահնորդին սպանելու համար՝ դատապարտվելով ազատազրկման՝ 20 տարի ժամկետով։