Ծնողներից փող կորզելու համար ուսանողուհին բեմադրել է սեփական առևանգումը
Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգի Կանպուր քաղաքից 21-ամյա ուսանողուհին բեմադրել է սեփական առևանգումը, որպեսզի փրկագին ստանա իր ծնողներից։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Times of India-ն։
Հանսիկա Վերման տնից հեռացել է օգոստոսի 4-ին: Այնուհետև նա ծնողներին մի տեսաերիզ է ուղարկել, որտեղ դեմքին շարֆ կապած պնդում է, որ իրեն առևանգել են: Դրանից հետո աղջկա հանցակիցը՝ Ռաջ անունով 22-ամյա երիտասարդը, զանգահարել է անհանգստացած ծնողներին և մեկ միլիոն ռուպի փրկագին պահանջել։
Հանսիկայի հայրն անմիջապես դիմել է ոստիկանություն՝ դստեր առևանգման մասին հայտարարությամբ։ Իրավապահ մարմինների աշխատակիցները կարողացել են արագորեն հայտնաբերել Հանսիկային և Ռաջին: Նրանք հայտնաբերվել են երկաթուղային կայարանում։
Պարզվել է, որ առևանգումը բեմադրվել է փրկագին ստանալու նպատակով։ Հանցագործները ձերբակալվել են։
Հետաքննության ընթացքում հայտնի է դարձել նաեւ, որ Հանսիկան ու Ռաջն ամուսնացած են։ Աղջիկը մայիսի 22-ին գաղտնի ամուսնացել է տղամարդու հետ։ Ռաջը նախկինում խնդիրներ է ունեցել օրենքի հետ: Տղամարդը ներգրավված է եղել գողության մեջ։
Հանսիկային և Ռաջին մեղադրել են շորթման և հանցավոր դավադրության մեջ ու բանտ են ուղարկել։