Հոտառությունը կարող է շատ կարևոր դեր խաղալ մարդու սեռական կյանքում․ Սևադա Հակոբյան
Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանն ընդգծում է՝ հոտառությունն ազդեցիկ դեր է խաղում մարդկային հարաբերություններում՝ ներառյալ սեռական հարաբերությունները։
«Գիտնականները պնդում են, որ մարդը կարող է տարբերակել մոտ 1 տրիլիոն տարբեր բույրեր, որը շատ ավելին է, քան գույների քանակը, որ կարող ենք տեսնել և ձայները, որ կարող ենք լսել:
Հետազոտողները ենթադրում են, որ մարդու մարմնի հոտը կարող է տեղեկություն տրամադրել նրա տարիքի, սեռի և սեռական կողմնորոշման վերաբերյալ։ Այն կարող է նաև օգնել մարդկանց հաղորդել սեռական ազդանշաններ։
Biological Psychology ամսագրում տպագրված ուսումնասիրության մեջ քննարկվում է տղամարդու սեռական արձագանքը կնոջ քրտնարտադրությանը՝ դաշտանային ցիկլի ֆոլիկուլյար (առաջին փուլ) և լյուտեինալ ( երկրորդ փուլ) փուլերի ընթացքում։ Հետազոտողները բացահայտել են, որ տղամարդը սեռականորեն ավելի մեծ գրգռվածություն է զգում, երբ զգում է կնոջ հոտը, որը կուտակվել է ֆոլիկուլյար փուլի ընթացքում, քան լյուտեինալի: Գիտնականները նշում են մեկ այլ կապի մասին՝ հոտի զգացողության և սեռական ցանկության միջև։ Նրանք աշխատել են 100 հոգուց բաղկացած խմբի հետ, որը կորցրել էր հոտի զգացողությունը։ Հետազոտվողների 59 %-ը ասել է, որ իրենք ունեն ցածր սեռական ցանկություն և որ այն սկսել է նվազել հոտի զգացողությունը կորցնելու հետ միաժամանակ։
Այսպիսով հոտառության և սեռական ցանկության կապը ակնհայտ է և իր մոգական ազդեցությունն է թողնում մարդու սեքսուալության վրա», - Aysor.am-ի փոխանցմամբ՝ նշել է մասնագետը: