ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստից առաջ Ադրբեջանը փորձել է «անցակետում» դեպքն օգտագործել հերթական բեմականացման նպատակով․ Արցախի պետնախարար (տեսանյութ)
Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետով ՀՀ քաղաքացիների կողմից անարգել տեղաշարժի մասին Ադրբեջանի հայտարարությունն (14.08.2023) իրականությանը չի համապատասխանում։ Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։
«Երբ Լաչինի միջանցքով հազիվ վերականգնվել է ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի միջոցով բուժառուներին ՀՀ բուժհաստատություններ տեղափոխելու գործընթացը և ամեն երթ կազմակերպելու համար մի քանի օր տևող բանակցություններ են վարվում, որպեսզի ԿԽՄԿ տարբերանշանը կրող մեքենայից քաղաքացիական անձ չառևանգվի, Ադրբեջանը երեկ տեղեկություն է հրապարակել, թե իբր տեսեք՝ ինչպես են ՀՀ քաղաքացիները անարգել անցնում Հակարիի կամրջի վրա տեղադրված «անցակետով»: Զարմանալիորեն այդ պահին նույն վայրում էին հայտնվել նաև թուրքական լրատվամիջոցները»,- նշել է Ներսիսյանը:
Պետնախարարը գրել է, որ իրականում «անցակետով» անցած անձինք հանդիսանում էին Արցախում ռուսական խաղաղապահ ուժերի զորակազմում քաղաքացիական ծառայություն իրականացնող անձինք, նրանք «անցակետ» են տեղափոխվել խաղաղապահ ուժերի կողմից և նրանց տրանսպորտային միջոցներով: «Իսկ ՄԱԿ անվտանգության խորհրդի նիստից առաջ Ադրբեջանը փորձել է այդ դեպքն օգտագործել հերթական բեմականացման նպատակով»,- ընդգծել է պաշտոնյան:
«Տեսանյութերից ակնհայտորեն դիտվում է, թե ինչպես են ռուս խաղաղապահների տրանսպորտային միջոցները 14.08.2023թ. նրանց տեղակայման վայրից ճանապարհվում Լաչինի միջանցքի ուղղությամբ, և ինչպես են «անցակետում» խաղաղապահների տեղակայման վայրից մարդիկ անցնում Հայաստանի Հանրապետություն»,- եզրափակել է Գուրգեն Ներսիսյանը։