Ադրբեջանցու կողմից սպանված ԶՄՊԿ պահնորդի իրավահաջորդները վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ պահանջելով ցմահ ազատազրկման դատապարտել Ախունդովին
ՀՀ ինքնիշխան տարածք ապօրինի ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի կողմից սպանված ԶՄՊԿ պահնորդի իրավահաջորդները բողոքարկել են ադրբեջանցու նկատմամբ սահմանված դատավճիռը՝ պահանջելով նրան դատապարտել ցմահ ազատազրկման։
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ, ՀՀ ինքնիշխան տարածք ապօրինի ներթափանցած և ՀՀ քաղաքացի, ԶՄՊԿ պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանին սպանելու մեջ մեղադրվող ադրբեջանցի զինծառայող Հուսեյին Ախունդովին մեղավոր էր ճանաչել և դատապարտել էր ազատազրկման՝ 20 տարի ժամկետով։
Մելիքսեթյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Ալավերդյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ պահանջելով նշանակված պատժի մասով բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը և Ախունդովի նկատմամբ որպես պատիժ նշանակել ցմահ ազատազրկումը։ Փաստաբանն ընդգծել է, որ նշանակված պատիժը համաչափ չէ և չի նշանակվել պատժի նշանակման սկզբունքների համապատասխան, հաշվի չեն առնվել ծանրացնող հանգամանքները։
«Միայն ցմահ ազատազրկումը կարող է ապահովել պատժի նպատակները, հատկապես՝ կանխարգելիչ նպատակը»,- նշել է Ալավերդյանը՝ հավելելով, որ բողոքը ներկայացվել է և դեռևս առկա չէ տեղեկություն՝ այն վարույթ ընդունելու վերաբերյալ։
«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգի համաձայն՝ վերաքննիչ բողոքը մակագրված է դատավոր Գրիգոր Հովհաննիսյանին։