Նախարար Վահե Ղազարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն
Օգոստոսի 15-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում ՆԳ նախարար Վահե Ղազարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Խորհրդակցությանը մասնակցել են ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը, Ծառայության ղեկավար կազմը։ Նախարարը ողջունելով ներկաներին՝ նշել է, որ առաջին հանդիպումն է Փրկարար ծառայությունում այս ֆորմատով և այն նպատակաուղղված է Երևան քաղաքի փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումներում առկա խնդիրների վերհանմանն ու դրանց հասցեավորմանը:
ԵՓՎ պետ, փ/ծ գնդապետ Ա. Կիրակոսյանը ներկայացրել է վարչության ղեկավար կազմին, ջոկատների կողմից սպասարկվող տարածքային բաժանումը, Երևան քաղաքի այն վարչական շրջանները, որտեղ չկան ՀՓՋ-ներ:
«Նախարարը հետաքրքրվել է ջոկատների շենքային և գույքային պայմաններով: ՓԾ տնօրեն Կ. Ցուցուլյանը նշել է, որ վերջին տարիների ընթացքում ՀՓՋ-ների շենքերը հիմնականում վերանորոգվել են և գրեթե բոլոր ջոկատներում պայմանները բարվոք են: Վահե Ղազարյանը տեղեկացրել է, որ գալիք տարի նախատեսվում է կառուցել նոր շենք, որի մի հատվածը նախատեսված կլինի Փրկարար ծառայության համար՝ հագեցած մարզասրահով, ճաշարանով, խորհրդակցությունների համար նախատեսված դահլիճով:
Նախարարը անդրադարձել է նաև թափուր հաստիքներին՝ նշելով, որ սկսվել են ՓԾ մասին նոր օրենքի մշակման աշխատանքները, որոնցով լուծում կստանան նաև կադրային համալրման խնդիրները։
Նախարարն իր խոսքում կարևորել է փրկարարների ատեստացիայի գործընթացը, որի առաջին փուլը նախատեսվում է սեպտեմբերին և նպաստելու է փրկարարների աշխատավարձի բարձրացմանը:
Նախարարը հանձնարարել է համակարգված աշխատանքներ իրականացնել անակնկալ ստուգայցերի ժամանակ հայտնաբերված թերությունները վերացնելու ուղղությամբ, խիստ հսկողություն սահմանել ենթակա անձնակազմի կատարողական և աշխատանքային կարգապահության նկատմամբ՝ բացառելով կարգապահական խախտումները, և տվել է մի շարք այլ հանձնարարականներ:
Այնուհետև Նախարարն այցելել է Նուբարաշեն վարչական շրջանում տեղակայված թիվ 10 հրշեջ-փրկարարական ջոկատ, զրուցել հերթապահ անձնակազմի հետ, տեղում ծանոթացել շենքային և գույքային պայմաններին»,- ասված է հաղորդագրության մեջ: