Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը
Օգոստոսի 15-ին ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև, հայնտել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Տեղի է ունեցել մտքերի փոխանակում «ամենից ակտուալ միջազգային ու տարածաշրջանային օրակարգի շուրջ»։
Առանձնահատուկ «շեշտադրվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի արագ դեէսկալացմանն ուղղված նախապես սկզբունքորեն համաձայնեցված քայլերի գործնական իրականացման անհրաժեշտությունը, ներառյալ հումանիտար ուղիների ապաշրջափակումը, ներառյալ Լաչինի միջանցքը»։
Ընդգծվել է «Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ համաձայնագրերի ամբողջ համալիրի իրականացման այլընտրանք չլինելու հանգամանքը»՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կայուն կարգավորման հասնելու համար։
«Նախարարները ընդհանուր կարծիք են հայտնել այս ոլորտում կոնկրետ աշխատանքը քաղաքական քարոզչական գործողություններով փոխարինելու փորձերի հակաարդյունավետության մասին»,- ասված է հաղորդագրության մեջ։