Նյու Յորքի լողափում 70 տարվա ընթացքում առաջին անգամ շնաձուկը հարձակվել է մարդու վրա
Նյու Յորք նահանգի Ռոքուեյ թերակղզու լողափում շնաձուկը հարձակվել է մի կնոջ վրա, ով ազգությամբ ուկրաինուհի է: Shantnews-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է New York Post-ը, 70 տարվա ընթացքում սա առաջին դեպքն է, երբ շնաձուկը հարձակվում է մարդու վրա Նյու Յորքի տարածքում։ Իսկ փրկարար ծառայության ղեկավար Խոսե Դիասը հայտնել է, որ նման բան չի տեսել իր ծառայության 53 տարիների ընթացքում։
«Մենք ամեն օր լողում ենք։ Մենք լողում ենք այլ փրկարարների հետ և տեսնում շնաձկներ, բայց նրանք մեզ երբեք չեն դիպչում։ Սա տեղի ունեցավ առաջին անգամ։ Սա տարօրինակ է: Բոլորը վախենում են հիմա ջուրը մտնել, և ես նրանց չեմ մեղադրում»,-ասել է փրկարարը։
Հրատարակության տվյալներով՝ տուժել է Ուկրաինայից ԱՄՆ տեղափոխված 65-ամյա Տատյանա Կոլտունյուկը։
Հաղորդվում է, որ շնաձուկը հարձակվել է ուկրաինուհու վրա ափից ընդամենը երեք մետր հեռավորության վրա։ Գիշատիչը կծել է Կոլտունյուկի ձախ ոտքը: Կինը բղավել է, փրկարարները շտապել են օգնության ու նրան ափ դուրս բերել։ Այնուհետ Կոլտունյուկին տեղափոխել են հիվանդանոց։ Վերջին տվյալներով՝ նրա վիճակը ծանր կայուն է։