Ադրբեջանական լրատվամիջոցները շարունակում են կեղծ տեսանյութեր հրապարակել. Արցախի ՊՆ
Օգոստոսի 15-ին Ադրբեջանի ՊՆ և հատուկ ծառայությունների համակարգմամբ գործող մի շարք էլեկտրոնային լրատվամիջոցներ շարունակել են հրապարակել կեղծ տեսանյութեր, որտեղ իբր թե պատկերված են ՊԲ նոր մարտական դիրքերն ու սպառազինության և ռազմական տեխնիկայի փոխադրումը դեպի շփման գիծ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը:
«Ադրբեջանական կողմը, շարունակաբար խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթից բխող իր պարտավորությունները, ինչի հետևանքով Արցախի Հանրապետությունը գտնվում է հումանիտար աղետի վիճակում, կեղծ տեղեկությունների ակտիվ տարածման միջոցով փորձում է իրադրության վատթարացման մեղքը բարդել արցախյան կողմի և ռուս խաղաղապահների վրա, ձգտում է միջազգային ուշադրությունը շեղել իր ագրեսիվ, Արցախում էթնիկ զտում իրագործելուն միտված գործողություններից և իրականացնում է հետագա սադրանքների տեղեկատվական նախապատրաստություն»,-ասվում է հաղորդագրությունում: