ՌԴ-ն բաց է ռազմատեխնիկական համագործակցության խորացման համար նրանց հետ, ովքեր պաշտպանում են իրենց շահերը. Պուտին
Ռուսաստանը բաց է իրավահավասար տեխնոլոգիական գործընկերության եւ ռազմատեխնիկական համագործակցության խորացման համար այլ երկրների հետ, որոնք պաշտպանում են իրենց ազգային շահերը, զարգացման իրենց անկախ ուղին, եւ սկզբունքորեն կարեւոր են համարում միասին կառուցել հավասար անբաժանելի անվտանգության համակարգ, որը հուսալիորեն կպաշտպանի յուրաքանչյուր պետություն։ Այս մասին նշվել է Ռուսաստանի նախագահ Պուտինի տեսաուղերձում «Բանակ-2023» միջազգային ռազմատեխնիկական համաժողովի բացման առիթով։
Ինչպես տեղեկացրել են Կրեմլի մամուլի կենտրոնում, ուղերձում նաեւ նշված է. «Առաջարկում ենք մեր գործընկերներին գրեթե բոլոր տեսակի զենքերի արդիական նմուշների լայն ընտրություն։ Այդ թվում դրանք կառավարման, հետախուզության նորագույն համակարգեր են, գերճշգրիտ զենք եւ ռոբոտատեխնիկա։ Համաժողովի հարթակներում հատուկ ուշադրություն է հատկացված անօդաչու թռչող սարքերի թեմատիկային»։
Նա հավաստիացրել է, որ Ռուսաստանն առաջարկելու բան ունի բեկումնային, հեռանկարային ուղղություններում՝ տեղեկացնելով, որ ՌԴ-ում տարեցտարի ավելանում է ապրանքների շուկայի ծավալը, որոնցում օգտագործվում են արհեստական բանականության տեխնոլոգիաները։
Պուտինը հայտարարել է ակտիվորեն աշխատելու մտադրության մասին ինչպես արդեն առկա կոոպերացիոն կապերի ձեւաչափով, այնպես էլ նորերի ստեղծման ուղղությամբ՝ շեշտադրելով նման փոխշահավետ գործընկերության բազմամյա հաջող փորձը։
«Առաջարկում ենք զարգացնել համագործակցությունն ամենատարբեր ուղղություններով, այդ թվում կադրերի պատրաստման, օտարերկրյա զինծառայողների ուսուցման եւ նրանց որակավորման բարձրացման, համատեղ հրամանատարաշտաբային եւ այլ զորավարժությունների անցկացման հարցում»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
Նա վստահություն է հայտնել, որ համաժողովի անցկացումը թույլ կտա ամրապնդել ռազմական եւ ռազմատեխնիկական գործընկերությունը՝ ի բարօրություն անվտանգության եւ կայունության ձեւավորվող բազմաբեւեռ աշխարհում։