Գյումրիում բացվեց «Հայկական սպորտի և մարմնակրթության ակունքներում» խորագրով ցուցադրությունը
Գյումրու համայնքային ցուցասրահում օգոստոսի 13-ին մեկնարկեց «Հայկական սպորտի և մարմնակրթության ակունքներում» խորագրով ցուցադրությունը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ցուցադրությունը ներկայացնում է Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի և մարմնակրթության ձևավորման նախապատմությունը, արևմտահայության շրջանում մարմնամարզության ու սպորտի զարգացման ընթացքն ու առաջին հայ մարմնամարզական ակումբների գործունեությունը: Բացառիկ պատմական վավերագրերով ու լուսանկարչական նյութով հարուստ այս ցուցադրությունը ներկայացնում է հայկական սպորտի պատմության մինչ օրս անհայտ ու չափազանց հետաքրքիր դրվագները: Միջոցառման պատվավոր հյուրն է հայտնի հայ մարզիկ, լուսանկարիչ և սկաուտապետ Գրիգոր Ճոլոլյանի որդին՝ փարիզաբնակ մեր հայրենակից Պատրիս Ճոլոլյանը:
Ցուցադրությունը կյանքի է կոչվել Գյումրու համայնքապետարանի և պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի հետ համագործակցությամբ։ «Այս ցուցասրահում սովորաբար գեղարվեստի աշխատանքներ են ցուցադրվում։ Այսօր հաճելիորեն շեղվել ենք ձևաչափից, և ամբողջը սպորտի ու մարմնակրթության մասին է ցուցադրված, իսկ առիթը՝ 8-րդ համայակական խաղերն են, որոնց բացումը օրեր առաջ տեղի ունեցավ Գյումրիում։ Հենց սա է եղել պատճառը, որ պարոն Դեմոյանի առաջարկով Գյումրու համայնքապետարանի ցուցասրահում կազմակերպվել է այս ցուցադրությունը»,- ողջունելով հյուրերին՝ նշեց Գյումրու համայնքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։
Ցուցադրությանը ներկայացված են հետաքրքիր լուսանկարներ և տեղեկատվություն՝ հայկական սպորտի մասին։