Կիևում դարձյալ սկսել են խոսել պաշտպանության նախարարի հրաժարականի մասին
Անցնող շաբաթ կրկին աշխուժացել էին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի առաջիկա հրաժարականի մասին լուրերը, գրում է news.am-ն։
Հուլիսից իշխանությունների հետնաբեմում խոսվում էր այն մասին, որ Ռեզնիկովին կարող է փոխարինել փոխվարչապետ Ալեքսանդր Կուբրակովը կամ ռազմավարական արդյունաբերության նախարար Ալեքսանդր Կամիշինը։ Ընդ որում, Ռեզնիկովի պաշտոնանկության դեպքում նրան կարող են դեսպան ուղարկել կա՛մ Մեծ Բրիտանիա, կա՛մ ԱՄՆ։
Այժմ, մշտական կոռուպցիոն սկանդալների, որոնց մասին արդեն արևմտյան մամուլն է գրում, ինչպես նաև գնումների որոշ ոլորտներում ձախողման ֆոնին, Ռեզնիկովի հրաժարականը իսկապես հավանական է թվում, նշում են լրատվամիջոցները։
Ընդ որում, նրան փոխարինող հավանական թեկնածուների թվում ոչ միայն նշված նախարարներն են։ Քաղաքական շրջանակներում շրջանառվող լուրերի համաձայն, արևմտյան գործընկերներն, իբր, ցանկանում են, որ պաշտպանության նախարարությունը կին ղեկավարի։ Հավանական թեկնածուների թվում են կամավոր Մարիա Բեռլինսկայան, փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը և Հակակոռուպցիոն գործողությունների կենտրոնի տնօրեն Դարիա Կալենյուկը։