«Ողբերգությունը կանխելու միակ միջոցը Արցախի անկախության ճանաչումն է՝ ճանաչում՝ հանուն փրկության սկզբունքով»․ Արամ Ա-ն դիմել է ՀՀ իշխանություններին, հայ ժողովրդին, Սփյուռքին, միջազգային հանրությանը
Օգոստոսի 12-ին, Սուրբ Աստվածածնի վանքում ուխտի պատարագից հետո իր քարոզում Մեծի տանն Կիլիո Արամ Ա կաթողիկոսը, անդրադառնալով Արցախում ստեղծված խիստ տագնապալի իրավիճակին, պատգամներ է ուղղել Հայաստանի իշխանությանը, Հայաստանի ժողովրդին, միջազգային հանրությանը, Սփյուռքին, Արցախի ժողովրդին։
«Ինչպե՞ս կարելի է Ադրբեջանի հողային ամբողաջականությունը ճանաչելու խոստումները կատարել՝ առանց ապահովելու իր անվտանգությունն ու ինքնուրույնությունը երաշխավորող Արցախի ինքնորոշման արդար իրավունքը: Ինչպե՞ս կարելի է այսպես կոչված ամբողջական խաղաղության հաստաստմանն ի խնդիր՝ պատրաստ լինել հանձնառություններ կատարելու, երբ նման մոտեցումները կարող են վտանգել ոչ միայն Արցախին, այլ նաև Հայաստանի ամբողջականությունը և նույնիսկ գոյությունը»,- Հայաստանի իշխանությանը հղած իր պատգամում ասել է Արամ Ա կաթողիկոսը։
Նա շեշտել է՝ Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքում հարկ է, որ Հայաստանը դուրս գա պարտված լինելու և սոսկ զիջումներ կատարելու կացությունից։
«Ավելին՝ Հայաստանը պետք է առկախի բոլոր բանակցությունները Ադրբեջանի հետ, մինչև որ վերջ դրվի Արցախի շրջափակմանը՝ Ադրբեջանի կողմից: Երրորդը՝ ճիշտ է, հարկ է պետք է խուսափել նոր պատերազմից, սակայն սա չի նշանակում տեղի տալ Ադրբեջանի պահանջներին: Անհրաժեշտ է որդեգրել ճկուն, բայց մարտունակ գործելաոճ։ Պետք է մերժել ցանկացած մոտեցում, որն Արցախը կդիտարկի Ադրբեջանի տարածքային ամբողջականության անբաժան մասը»,- ասել է նա:
Ներկա ճակատագրական պայմաններում Արամ Ա-ն, որպես Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս, առաջարկել է, որ իշխանության, ընդդիմության և Սփյուռքի ներկայացուցիչներից բաղկացած, քաղաքական ու դիվանագիտական հարուստ փորձառություն ունեցող, վստահություն վայելող մի մարմին ստեղծվի, որն ամբողջական պատասխանատվություն կստանձնի բանակցություններ վարել Ադրբեջանի հետ՝ նոր ոճով և նոր մոտեցմամբ:
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը Հայաստանի ժողովրդին ուղղած իր պատգամն է հնչեցրել նաև․ «Մեզ համար տարօրինակ է՝ Արցախի ժողովրդի ներկա ողբերգական կացության պայմաններում Հայաստանի ժողորդի լռությունը, ավելի ճիշտ անտարբերությունը: Մեր երեխաները սովամահ են լինում այնտեղ՝ Արցախում, դուք ի՞նչ եք անում Հայաստանում։ Փողոց իջեք, ինչին՞ կսպասեք․ աշխարհը մեզ է նայում, ժողովրդի ձայնը բարձր է աշխարհի բոլոր ձայներից»,- ասել է նա:
Արամ Ա-ն, դիմելով միջազգային հանրությանը, նշել է․
«Հաց և թեյ ուղարկելով Արցախ՝ ստեղծված տագնապը չի լուծվի։ Անվտանգությունը ապահովե΄ք, ինքնորոշման իրավունքը ճանաչե΄ք, մարդասիրական ճիգերից այն կողմ, հրամայական է Արցախի անվտանգությունը ապահովել՝ ինքնորոշման իրավունքը ճանաչելով: Հետևաբար, մեր սպասումն այն է, որ մեծ տերությունները դիմեն գործնական քայլերի՝ առաջին հերթին Ադրբեջանին ստիպելով, որ վերջ տա Արցախի շրջափակմանը, ապա քաղաքական բանակցությունների ճանապարհով միջազգային համայնքը ճանաչի Արցախի ինքնորոշումը՝ միջազգային հովանավորության ներքո»։
Իր պատգամն ուղղելով Սփյուռքին՝ Արամ Ա-ն շեշտել է՝ Սփյուռքն, իր գործողությունները ներդաշնակելով Արցախի իշխանությունների հետ, կոչված է դիմելու այնպիսի ազդեցիկ միջոցների, որոնք կարող են Արցախի ներքին ուժականությունը ապահովել և արտաքին աշխարհում Արցախի ինքնորոշման անհետաձգելի հրամայականը շեշտել։
Դիմելով Արցախի ժողովրդին՝ Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսն ասել է. «Արցախը պարտված չէ, հաղթական է ու պիտի մնա հաղթական՝ այնքան ժամանակ, որ ձեր կյանքը ամուր հավատքով լինի շաղախված, անխորտակելի կամքով: ․․․ Արցախի ժողովուրդը խորհրդարանի միջոցով արտահայտել է իր հավաքական կամքը՝ ճանաչում հանուն փրկության արդար պահանջը, որն իրավական հիմք ունի և համապաստախանում է պատմական իրողություններին և միջազգային օրենքին: Մենք ևս մեր ձայնը, մեր ժողովրդի ձայնը միացնելով Արցախի խորհրդարանին՝ հայտարարում ենք խորհրդարանի բառերով և խորապես համոզված ենք, որ վերահաս ողբերգությունը կանխելու միակ միջոցը Արցախի Հանրապետութան անկախության ճանաչումն է միջազգային համայնքի կողմից՝ ճանաչում՝ հանուն փրկության սկզբունքի համար:
Սիրելի՛ ժողովուրդ Հայոց, Արցախի, մեր ժողովրդի համար այլ ճանապարհ չկա ու չի կարող լինել։ Հետևաբար, եկեք միասնաբար և քաջաբար քայլենք այս ճանապարհով»,- իր խոսքն ամփոփել է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը։
Սուրբ Աստվածածնի վանքում ուխտի պատարագի և Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի խոսքի տեսագրությունը՝ Cilicia.TV-ից