Հավայան Մաուի կղզում հրդեհների զոհերի թիվը հասել է 89-ի
Հավայան Մաուի կղզու վերականգնումը այս շաբաթ ավերիչ անտառային հրդեհներից հետո, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 89 մարդ, և շատ-շատերն անհետ կորել են, ըստ կառավարության կանխատեսումների, կարող է արժենալ ավելի քան 5,5 միլիարդ դոլար, տեղեկացնում է News.am-ը:
Հավայան համալսարանի տարերային աղետների հետևանքների վերացման խաղաղօվկիանոսյան կենտրոնի և Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության կողմից հրապարակված նախնական տվյալների համաձայն, առնվազն 2207 շինություն վնասվել կամ ավերվել է անտառային հրդեհների հետևանքով։ Շենքերի 86%-ը բնակելի է եղել, իսկ 9%-ը՝ կոմերցիոն:
Հետազոտական կենտրոնը -ը կանխատեսել է, որ հրդեհները թողել են 5,52 միլիարդ դոլարի «անպաշտպան կապիտալ», որը սահմանվում է որպես «վերականգնման ենթադրյալ արժեք»։
Բացի այդ, հետազոտական կենտրոնի տվյալներով, մոտ 4500 բնակիչ կարիք ունի մշտական ապաստանի:
Ավերածությունների ճնշող մեծամասնությունը կենտրոնացած է պատմական Լահայնա քաղաքի շուրջ: Հավայան կղզիների նահանգապետ Ջոշ Գրինը գնահատել է, որ քաղաքի տարածքի մոտ 80%-ը ավերվել է Լահայնայի հրդեհից, որն ամենաավերիչն էր երեք խոշոր անտառային հրդեհներից, որոնք երեքշաբթի բռնկվել էին կղզում և ընդգրկել մոտ 3,39 քառակուսի մղոն տարածք: Ուրբաթ ուշ երեկոյան Մաուի շրջանի պաշտոնյաները հայտնել են, որ Լահայնայում բռնկված հրդեհը 85%-ով մեկուսացվել է: