Բժիշկը՝ երկար ու խիստ դիետաների վտանգի մասին
Երկար տևողությամբ խիստ դիետաներին հետևելը դանդաղեցնում է նյութափոխանակությունը և հանգեցնում առողջության այլ տհաճ հետևանքների, Shantnews-ի փոխանցմամբ՝ ասում է սննդաբան Ելենա Սվիրիդովան։
Սվիրիդովան բացատրել է, որ խիստ սահմանափակող դիետաները սովորաբար հանգեցնում են քաշի արագ կորստի, սակայն մեծ հավանականություն կա, որ նորմալ սննդակարգին վերադառնալուց հետո կորցրած կիլոգրամները կվերադառնան։ Նրա խոսքով՝ քաշի կտրուկ ավելացումը պայմանավորված է նրանով, որ անհավասարակշիռ դիետան հանգեցնում է նյութափոխանակության դանդաղմանը։
Էքստրեմալ դիետաների մեկ այլ կողմնակի ազդեցություն Lenta.ru-ի զրուցակիցն անվանել է առողջության համար կարևոր վիտամինների և միկրոտարրերի անհավասարակշռությունը։
Ցանկացած խիստ դիետա ենթադրում է շատ մթերքների մերժում, ինչը մեծացնում է էական վիտամինների և հանքանյութերի պակասի վտանգը: Սա իր հերթին կարող է տարբեր խնդիրներ առաջացնել՝ սկսած հոգնածությունից մինչեւ մազաթափություն։
Օրինակ՝ վիտամին A-ի պակասը հանգեցնում է մաշկի չորացման, իսկ վիտամին C-ի պակասը՝ քնկոտության և հաճախակի մրսածության։
Սվիրիդովան նաև հորդորել է չմոռանալ, որ քաղցը մեծապես ազդում է տրամադրության վրա։ Ծայրահեղ դիետաները, որոնք ենթադրում են ժամանակ առ ժամանակ ցանկացած սննդի մերժում, կարող են առաջացնել անհանգստության կամ ապատիայի զարգացում: