Արցախից 10 բուժառու տեղափոխվել է ՀՀ
Այսօր՝ օգոստոսի 12-ին, ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 9 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։
Ադրբեջանական կողմը շարունակաբար արգելում է Կարմիր խաչի մեքենաներով խիստ անհրաժեշտ դեղորայքի և բժշկական պարագաների մատակարարումը Արցախ, իսկ բազմաթիվ բուժառուներ դեռևս սպասում են իրենց տեղափոխությանը Հայաստանի Հանրապետություն և Արցախ վերադարձին:
«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 26 երեխա, 7-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 82 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ ծանր վիճակում։